Քաղաքական 

Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ շատ եք գնում հանրահավաքներին. Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ շատ եք գնում հանրահավաքներին: Դուք պետք է պետականաշինությամբ զբաղվեք: Դուք պետք է աշխատեցնեք կառավարությունը: Եվ ես կարծում եմ, որ հանրահավաքներում Ձեր որոշ ելույթներ ապակայունացնում են մեր քաղաքական իրավիճակը»,-այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Եսայանի հարցը վերաբերում էր սահմանամերձ շրջաններին․ «Այն պահին, երբ հանրահավաքում Դուք բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսն ու Վաղաշենը գնդակոծվում էին: Ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ վնասներ են հասցվել, պատրաստվում եք արդո՞ք այցելել այդ շրջաններ իմանալու համար, թե ինչ հոգեբանական վիճակում են մարդիկ»:

Եսայանի խոսքերով գնդակոծություններ միշտ էլ եղել են, սակայն դրանք այդ աստիճանի վտանգավոր չեն եղել, որքան հիմա, երբ, պատգամավորի պնդմամբ, Հայաստանում կայուն վիճակ չէ:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ-ն օպերատիվ արձագանքել է Բաղանիս և Վաղաշեն գյուղերի վրա կրակոցներին և լռեցրել են կրակակետերը պատասխան կրակով։ Վարչապետն ասաց, որ արդեն եղել է Բաղանիս համայնքում, եղել է Տավուշի մարզում, հանդիպումներ է ունեցել և կարևորում է սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակը:

Ինչ վերաբերում է կայունությանը, վարչապետը հայտարարեց՝ եթե ՖԲ որևե խմբում անկայուն է, դա չի նշանակում, որ անկայուն է նաև ՀՀ-ում: Փաշինյանի պնդմամբ, Հայաստանում իրավիճակը շատ կայուն է և վերահսկողության տակ՝ հավաստիացնելով, որ իրավիճակը շարունակելու է մնալ կայուն, իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վստահում է կառավարությանը, որը կա այնքան ժամանակ, քանի դեռ կա նշյալ վստահությունը:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին իր մասնակցությանը, վարչապետ Փաշինյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությունը վարչապետին չի արգելում մասնակցել դրան:

Նույն շարքից