Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում կայացած հավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ուժեղ և ինքնիշխան պետություն գոյություն ունենա երկիր մոլորակի վրա հավիտյան. «Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ի վերջո հաղթահարի պատմական այն ցիկլը, որի մեջ անընդհատ ընկնում է, և այդ ցիկլը հետևյալն է՝ մենք ամեն անգամ ստանում ենք հնարավորություն պետականության տեսքով և ամեն անգամ կորցնում ենք այդ հնարավորությունը, սա այն հնարավորությունն է, որը մենք պետք է շատ պինդ բռնենք և այլևս բաց չթողնենք, մանավանդ, որ այդ հնարավորության մեջ մենք արդեն հաղթել ենք, և մենք ամեն օր ենք հաղթում։ Ես ուզում եմ էլի մեկ անգամ կանգ առնել այն թեմայի վրա, այն խնդրի վրա, այն հարցի վրա, թե ինչու ենք մենք քաղաքապետի թեկնածու ընտրել հատկապես Հայկ Մարությանին, ինչո՞ւ եմ ես ինքս պաշտպանել Հայկ Մարությանի թեկնածությունը, ես ձեզ հավաստիացնում եմ՝ այս հարթակում կանգնած մարդիկ, նրանցից շատերը կարող էին լինել քաղաքապետի թեկնածու, մեր քաղաքական թիմի այլ անդամներ կարող էին լինել քաղաքապետի թեկնածու, բայց այս ժամանակաշրջանում քաղաքապետի թեկնածուի անձի մեջ մենք շատ կարևոր համարեցինք, թե ինչ ուղերձ է դրված լինելու այդ ընտրության մեջ, և ես ուզում եմ ասել, որ Հայկ Մարությանը մի մարդ է , ով ինքը չարչարանքով, քրտինքով, գիշեր-ցերեկ ընտրել է իր անունը, իր անունն իր հորեղբայրը չի ստեղծել, իր անունն իր քեռին չի ստեղծել, իր անունը կաշառքը չի ստեղծել, իր անունը ծանոթը չի ստեղծել»:
Փաշինյանը նաև նշեց, որ Հայկ Մարությանը ստեղծել է Հայաստանի ամենահայտնի բռենդներից մեկը՝ Կարգին հաղորդման բրենդը.«Կապ չունի, թե դա ինչ ոլորտին է վերաբերում, բայց դա անելու համար հարկավոր է ունենալ կազմակերպչական տաղանդ, զրոյից ստեղծել ահա այդպիսի հզոր բրենդ։ Ձեզնից յուրաքանչյուրն իր նախընտրած ոլորտում կարող է անել նույնը, ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր ուժերին։ Ամենածանր բանը, որ ես զգում եմ վարչապետի պաշտոնում, կարգավիճակում հետևյալն է՝ հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր սպասում են, որ կառավարությունը հենց այսօր իրենց որևէ հարցը կլուծի կամ հենց իրենց բոլոր հարցերը կլուծի։ Եվ հասկանալի է, որ պետական համակարգն այնքան դանդաղաշարժ համակարգ է, որ մենք պետք է այդ պետական համակարգի ճկունությունն ապահովենք, ռազմավարական պլանավորումը։
Ես ձեզ ասել եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո աշխարհի համար աննախադեպ բան է տեղի ունեցել, կապ չունի որ երկրում, բայց սովորաբար իշխանափոխություններից հետո անխուսափելիորեն տեղի են ունենում տնտեսական անկումներ, տնտեսական ցնցումներ, բոլոր ոլորտերում, բայց Հայաստանում դա տեղի չի ունեցել, չնայած մենք ասում ենք, որ այն տնտեսական աճը, որը Հայաստանում արձանագրվել է, մեզ ձեռնտու չի, բայց միևնույնն է շատ կարևոր է, որ մեր մոտ տնտեսական աճ է արձանագրվել տնտեսական անկման փոխարեն, որովհետև ես կարծում եմ, որ վարչապետի պաշտոնում և ընդհանրապես կառավարությունը չի կարելի, որ հապճեպ, չմտածված գործողություններ անի, որովհետև կառավարությունը մինչև օրս էլ գործում է յոթը չափիր, մեկ կտրիր սկզբունքով, որովհետև կտրելուց հետո, ինչքան էլ ամուր կպցնես, միևնույնն է կարկատանով է, օրիգինալը չես ստանա։ Կառավարությունն այսօր ստեղծել է պայմաններ, բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, հարկայինի առաջ, մաքսայինի առաջ, և ես ուզում եմ ՀՀ-ում Հայկ Մարությանի օրինակը շատերին ոգեշնչի, որ իրենք չսպասեն ամենալավ կառավարությունն իրենց հարցերը լուծի, ուղղեն իրենց մեջքը, և իրենք գնան հարստանան, ստեղծեն իրենց արդյունքը, ով լավ բիզնեսմեն է, լավ բիզնես անի, ով ինչով՝ կարող է։ Պարտադիր չի բոլորը խանութ բացեն և ինչ-որ բան վաճառեն, որովհետև եթե Հայկ Մարությանը որոշեր իրենց հայաթում խանութ բացեր և այդտեղ ինչ-որ բան վաճառեր, այո, նա կլիներ էլի Հայկ Մարության հաջողակ բիզնեսմեն, լավ հարևան, լավ ամուսին, բայց, այնուամենայնիվ, Հայկ Մարության բրենդ չէր լինի, հաջողության սիմվոլ չէր լինի։ Տեսեք՝ այսօր շատ են խոսում՝ այ կառավարման փորձ ունեն, ես այդ խոսակցություններին, գիտեք՝ ոնց եմ վերաբերվում, այն կառավարման փորձը, որ Հայաստանում սովորաբար եղել է, այդ կառավարման փորձը ոչ մեկին պետք չի։ Երևանի նոր քաղաքապետին պետք չի ունենալ հին աշխատանքի մեթոդների մասին հին փորձ, դա միայն վնաս կտա»։