Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում կայացած հավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երբ եկել է Երևան ուսանելու, իր ընտանիքը չի կարողացել վճարել նույնիսկ իր ուսման վարձը. «Ես ուզում եմ ասել այն ուսանողներին, ովքեր որևէ սոցիալական վիճակից ընկճվել են՝ մի խեղճացեք, որովհետև ձեր երկրում վարչապետ է դարձել մի մարդ, ով շատ ավելի վատ վիճակում է եղել, քան դուք, ուղղեք ձեր մեջքը, քայլեք վստահ։ Դուք ՀՀ-ի հաղթական, հպարտ, արժանապատիվ քաղաքացի եք և ձեր դեմ խաղ չկա։
Եվ վերջում՝ այսօր շատ են ասում, թե ահա Հայաստանում նոր բռնակալ և նոր բռնապետ է ծնվում՝ նկատի ունեն ինձ, ես գիտեմ, որ ՀՀ-ում այլևս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ, ոչ թե այն պատճառով, որ ես կամ մեր թիմի որևէ անդամ այդքան լավն ենք, որովհետև ՀՀ-ում ապրում են մարդիկ և քաղաքացիներ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի հզոր է, քան ՀՀ-ի քաղաքացին։ ՀՀ-ում չի կարող լինել բռնակալ, որովհետև ՀՀ-ում իշխում է բռնակալներին տափերով տվող քաղաքացին, և այդ քաղաքացու դեմ խաղ չկա, այդ քաղաքացու դեմ խաղ չունի Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը, այդ քաղաքացու դեմ խաղ չունի ոչ ոք»։