Հայաստան Քաղաքականություն 

Իսկ ով ասաց, որ ես պետք է կարծեմ այնպես, ինչպես՝ վարչապետը. Արամ Սարգսյան

analitik.am

«Բազմաթիվ մարդիկ համարում են, որ Հայաստանում ժողովրդավարություն է և այդ ժողովրդավարության շրջանակներում կարելի է մասնակցել ընտրություններին և մրցակցել»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Սարգսյանը խոսեց նաև Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից մոնիթորինգ անցկացնելու մասին՝ հայտարարելով, որ ինքը կողմ է թափանցիկությանը. «Թող գա ԵԽԽՎ-ն, մոնիթորինգ անի, պարզի: Ես ընդհանրապես ստուգումներին կողմնակից եմ: Պետք է պարզել ճիշտը: Եթե ճիշտ ես, պետք է այն ապացուցես բոլորի առջև»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավներին, քաղաքական շեշտադրումները շեղում են բուն ընտրապայքարից և շանս չեն թողնում մրցակիցներին, Սարգսյանն ասաց, որ սա Սարդարապատի ճակատամարտը չէ, Երևանի ավագանու ընտրություններն են. «Թեկնածուները բոլորն էլ մերն են: Անահիտ Թարխանյանն էլ է մերը, Արարատ Զուրաբյանն ընդհանրապես մերն է, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը, Հայկ Մարությանն էլ է մերը, Արտակ Զեյնալյանն էլ է մերը, Զառան էլ է մերը՝ իր կերպարով»:

Հարցին, թե վարչապետը կարծես թե այդպես չի կարծում, Սարգսյանը հայտարարեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ես պետք է կարծեմ այնպես, ինչպես վարչապետն է կարծում: Երբ ԵԼՔ դաշինքը ստեղծում էինք և մեկ դաշինքում էինք, ես այն ժամանակ էլ ասել եմ, որ դա չի նշանակում, որ ես դառնում եմ Նիկոլ Փաշինյան, կամ Նիկոլ Փաշինյանը դառնում է Էդմոն Մարուքյան: Վարչապետը կարող է այդպես մտածել, ես չեմ կիսում այդ հարցում նրա տեսակետը»:

 

Նույն շարքից