Հայկ Կյուրեղյանը, ով դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման էր դատապարտված և Հայաստանում իշխանափոխությունից հետո պատիժը կրում էր բաց ռեժիմով, կրկին բանտում է հայտնվել:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը վերոնշյալ գործողությունը կատարել է Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ և դրանից հետո էլ է բազմիցս իր աջակցությունը տարբեր կերպ արտահայտել վերջինիս:
Ազատության մեջ հայտնվելուց հետո էլ նա պարբերաբար գրառումներ էր անում նշյալ թեմայով, իսկ վերջին գրառման մեջ, պատասխանելով բոլոր՝ «Սերժի ժամանակ բանտում էիք Նիկոլը ձեզ ազատեց՝ շնորհակալ եղեք որ ազատ եք հիմա» արտահայտություններին, մասնավորապես գրել էր. «Սա իրոք ծաղր է՝ ով ասես կարող էր աշխարհով մեկ լիներ «ազատության» համար, միայն ոչ մենք, որ կամավոր զոհաբերել ենք դա և ճաղերի ետևում, հալածանքների կենտրոնում ավելի ազատ էինք: Մեր համար ազատությունը՝ ուր ուզել գնալը գալը չէր, մեր համար ազատը՝ գարշելիին գարշ, աղբին աղբ կոչել , հրեշի երեսին թքել կարողանալն էր... »:
Analitik.am-ի հետ զրույցում Հայկի եղբայր Սերգեյ Կյուրեղյանն ասաց, որ տեղյակ չի եղբոր վերջին գրառման մասին.«Եթե անկեղծ, ծանոթ չեմ գրառմանը, բայց մոտավորապես կարող եմ այսպես ասել, որ մեր համար ավելի կարևոր բաներ կան, քան ազատությունը և եթե ազատությունը լիներ մեր համար, ո՛չ ես, ո՛չ եղբայրներս, ո՛չ էլ մեր մյուս ընկերները չէինք էլ գնա այդ քայլին: Մեր համար ավելի կարևոր է հայրենիքն ու նրա հետ կապված մնացած այլ բաները և մենք ոչինչ չենք փոխի հայրենիքի հետ»:
Մեր այն հարցին, թե որքանով կարող են Հայկի ֆեյսբուքյան էջում արված գրառումները, որտեղ նա պաշտպանում է Շանթ Հարությունյանին և պահանջում է նրա ազատությունը, ազդել նրա բանտում պահվելու կամ ազատ արձակվելու գործի վրա, Սերգեյը պատասխանեց.«Չեմ կարծում, որ դա որևէ կերպ կարող է ազդել կամ նպաստել այդ գործին»:
Սերգեյը հայտնեց նաև, որ Հայկ Կյուրեղյանն արդեն ազատ է արձակվել և տուն է գալիս: