Քաղաքական 

ԱԺ պատվիրակությունը կայցելի Շոտլանդիայի խորհրդարան և Ուելսի Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-21-ը ճանաչողական այցով կմեկնի Շոտլանդիայի խորհրդարան եւ Ուելսի Ազգային ժողով:

Այցն իրականացվում է զարգացման գերմանական համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության եւ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրով՝ բրիտանական «Ուեսթմինսթեր հիմնադրամ հանուն ժողովրդավարության» կազմակերպության աջակցությամբ:

Այցի նպատակն է ուժեղացնել Հայաստանի Ազգային ժողովի կարողությունները հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման ոլորտում, ինչպես նաեւ հանրային ֆինանսների խելամիտ օգտագործման եւ քաղաքացիներին բարձորակ ծառայության մատուցման հարցերում: Այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետեւյալ ոլորտներում բրիտանական փորձին՝ խորհրդարան-բարձրագույն աուդիտորական մարմին հարաբերություններին, խորհրդարանական հանրային հաշիվներին, հետօրենսդրական վերահսկողությանը եւ բյուջետային գրասենյակների գործունեությանը:

Պատվիրակության կազմում են ԱԺ խմբակցություններից մեկական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության, ԱԺ բյուջետային գրասենյակի եւ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Նույն շարքից