Հասարակություն 

Հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին և ասել՝ փորձեք զանգել բոլոր դատավորներին. Գագիկ Հարությունյան

analitik.am

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հասցրել է ծանոթանալ դատավորների մեծ մասի հետ: Այս մասին Հարությունյանն այսօր հայտարարել է Ազատության հետ զրույցում՝ հավելելով, որ նրանք պարկեշտ, իրենց գործը լավ իմացող և հայրենասեր մարդիկ են:

ԲԴԽ նախագահի խոսքերով, դատավորները չեն փորձի զանգային արդարադատություն իրականացնել. «Ես այսօր հանդիպում եմ ունեցել Վճռաբեկ դատարանի հետ: Նաև Վճռաբեկ դատարանին փորձեցի փոխանցել Սահմանադրական առաքելության էությունը, որ եթե Վճռաբեկ դատարանը կարողանա իրավունքի հիմնարար խախտումները ժամանակին հաղթահարել և ստեղծել անհրաժեշտ նախադեպային որոշումներ, մենք կունենանք արդարադատության նոր որակ, ինչն ապահովելու համար պետք է կարողանանք սկսել նրանցից, թե դատավորն ինչ ակտ է ընդունում և որքանով է համոզված: Այն դատավորները, որոնք չեն կարողանա նոր պայմաններում այդ չափորոշիչներով աշխատել, կհրաժարվեն, որովհետև այլ պահանջներ չկան: Պահանջը մեկն է՝ դատավորն անկախ է որոշում կայացնելիս, որևէ մեկը չի միջամտելու, սակայն դատավորը գլխով պատասխանատու է իր կայացրած որոշման համար: Այսինքն դատավորը հաշվետու է օրենքի առջև»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չկա դատավոր, ով իր ասածը չի անի, ուղղակի ինքը որևէ բան չի ասում, Հարությունյանը նշեց, որ պետք է հարցը տալ հենց վաչապետին. «Հարցը պետք է տալ պարոն վարչապետին և ասել՝ փորձեք զանգել բոլոր 234 դատավորներին, տեսեք՝ որը կկատարի, որը՝ ոչ»:

Հարցին, թե չեն կատարի արդյո՞ք, Հարությունյանը չպատասխանեց:

Նույն շարքից