Հայաստանի քննչական կոմիտեն տեսագրություն է տարածել եւ հայտարարել է, իբր զենք է գտել Հիմնադիր խորհրդարանի անդամների տներում եւ գրասենյակներում։
Ըստ ՔԿ մամուլի ծառայության, քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության» Երեւանի, Լոռու եւ Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաեւ՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում։
Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության եւ ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք եւ նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաեւ՝ կապի միջոցներ, հակագազ եւ օդազտիչ դիմակ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարուժան Ավետիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: