Հասարակություն 

«Սիգարոն»-ը՝ ընկերության սեփականատերերից մեկի թիկնապահներին բերման ենթարկելու մասին

analitik.am

Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»:

Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝ «Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս.Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջն ուղեկցող թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմիններն իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են  Ս.Պողոսյանի Բագրևանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը մեղմ ասած ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար: Բերման ենթարկված անձինք, շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրինականության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է:

Ըմբռնումով մոտենալով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդմանն ուղված քայլերին, այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամի ընտրության հարցում լինել առավել ճկուն և քաղաքակիրթ՝ չվնասելու երկրի արտադրող-արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ նաև Հայաստան պետության գործարար համբավը:

ՍՊՍ «Սիգարոն» ընկերության լրատվական ծառայություն

Նույն շարքից