Գիտություն Գլխավոր Հասարակություն 

Ինչո՞ւ է ԿԳՆ-ն ուզում փակել «Հայ ասպետ» ռազմահայրենասիրական հեռուստանախագիծը. Մանրամասնում է ծրագրի ղեկավարը

analitik.am

Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Հայ ասպետ» հեռուստանախագիծը տարիներ շարունակ եթեր է դուրս եկել առանց մրցույթի մասնակցելու: Այս մասին Analitik.am-ը զրուցել է  «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանի հետ:

«Մենք միշտ ծառայել ենք և շարունակելու ենք ծառայել մեր հայրենիքին և մեր սկզբունքներին, ֆինանս չի լինի՝ առանց ֆինանս կծառայենք՝ դա ընդամենը միջոց է», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Տոնոյանը:

Տիկին Տոնոյանի խոսքերով, երբ «Հայ ասպետը» 2008թ. եթեր է մտել, այդ գործելաոճը չի եղել՝ այսինքն ,մրցույթ չի եղել: Մրցույթը «Գնումների մասին» օրենքի հետ է կիրառելի դարձել.

«Եթե նախարարությունը մեզ չի զգուշացրել մրցույթի առկայության մասին, մենք ինչպե»ս պետք է տեղեկանայինք, թե»  պիտի ստիպեինք նախարարությանը մրցույթ անցկացնել: Հաղորդաշարը շարունակվել է ֆինանասավորվել` որպես ռազմահայրենասիրական նախագիծ, որովհետև «Հայ ասպետը» միայն հեռուստախաղ չէ, այն մշակութային, լրացուցիչ կրթության, արշավային ու բնասիրական կենտրոն է, մի ամբողջ նախագիծ է, որտեղ երեխաները և՛ հաղորդման սկզբում, և՛ հաղորդումից հետո ստանում են հայրենասիրական և քաղաքացիական կրթություն ու դաստիարակություն: Եթե անգամ մրցույթին չի մասնակցել, դա ոչ թե եղել է կամայականություն, այլ եղել է ռազմահայրենասիարական նախագիծ: Մենք ունեինք ռազմահայրենասաիրական հայեցակարգ, որը որդեգրել է պետությունը և որի շրջանակներում էլ ֆինանսավորվում էր «Հայ ասպետ» հեռուստախաղը, և ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ մենք չենք տեղեկացվել մրցույթի մասին, եթե, իհարկե, եղել է նման մրցույթ: Եվ այս դեպքում՝ արդյոք մե՞նք ենք մեղավոր….. Իսկ եթե եղել է մրցույթ, և մեր պատճառով լավագույն նախագծեր են դուրս մնացել, թող ապացուցեն՝ ովքե՞ր են եղել, ի՞նչ նախագծեր…..իսկ եթե եղել է նման բան, թող դրա մեղավորներին նախկին իշխանության կամ նախարարության մեջ փնտրեն, որովհետև իրենք չեն մեղավոր, որ մրցույթի կարգը չի գործել»:

Տիկին Տոնոյանը նաև նշեց, որ այս ամենը հստակեցնելու համար խնդրել է հանդիպում փոխնախարարի հետ. «Մյուս շաբաթ այդ հանդիպումը տեղի կունենա: Այս ամենը անակնկալ էր նաև ինձ համար՝ «Հայ ասպետն» ինքնին պայքար է ուսուցանում, ինչպե՞ս կարող ենք մենք մրցույթից և պայքարից վախենալ: Ինձ համար սկզբունքի հարց է ճշտել՝  որտեղի՞ց է փչում քամին: Առավել ևս, որ նախարար Արայիկ Հարությունյանը դեռևս քաղաքապետարանում աշխատելու օրերին բազմիցս փորձել է օգնել լուծելու «Հայ ասպետի» դպրոցական շենքի խնդիրները, մեզ հետ եղել է նաև արշավում, Վարդավառին ղեկավարել մրցույթի փորձագիտական կազմը»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ դա հաղորդումը փակելու պատճառ հանդիսանա, տիկին Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում պաշտպանել «Հայ ասպետին», որովհետև ինձ համար վիրավորական է դա՝ մեղավորներն են պաշտպանվում: Մենք միշտ ծառայել ենք և շարունակելու ենք ծառայել մեր հայրենիքին և մեր սկզբունքներին, ֆինանս չի լինի՝ առանց ֆինանս կծառայենք՝ դա ընդամենը միջոց է, կարևորը նվիրումն է»,- հավելեց Տոնոյանը:

Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ ես բողոքում եմ, հակառակը՝ ես շատ ուրախ կլինեմ, որ լինեն մրցույթներ, և մենք անտարակույս կմասնակցենք մրցույթին», -ասաց Տոնոյանը և ավելացրեց, որ եթե կլինի «Հայ ասպետից» լավ նախագիծ, իհարկե, պետք է դա անցնի: Տոնոյանի համար ամենավիրավորականն այն էր, որ նաև այլ նախագծեր են ֆինանսավորվել ԿԳՆ-ի կողմից,  ինչո՞ւ է միայն «Հայ ասպետի» անունը շահարկվում. «Սա անհարգալից ու անարդար վերաբերմունք է  կրթության ոլորտում 10 տարվա այսքան մեծ ներդրում ունեցած նախագծի և դրա անձնակազմի նկատմամբ, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է վարկաբեկել «Հայ ասպետին», չի ստացվի, որովհետև՝ «…կապույտի վրա ճանճեր չեն նստում….»:

Մեր հետ զրույցում տիկին Տոնոյանն արեց հետևյալ հայտարարությունը. «Շատերը երևի տեղյակ չեն կամ չեն հիշում, որ «Հայ ասպետի» եթեր մտնելուց հետո մենք 2 տարի պայքարել ենք, որ այն ֆինանսավորվի պետության կողմից, իսկ մինչ այդ ֆինանսներ գտել ենք հովանավորների միջոցով: Ի դեպ, ֆինանսավորումն էլ նման նախագծի համար շատ քիչ է,  միայն ցանկալի հեռուստասրահ ու լուսավորություն կարելի էր ձեռք բերել այդ միջոցներով, հեռուստատեսության գիտակները դա շատ լավ են հասկանում»:

Իսկ ինչ վերաբերում է փոխնախարարի այն արտահայտությունը, թե խաղը ֆինանսավորվել է կամայականության կամ քաղաքական հրահանգով, Տոնոյանը տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Որևէ մեկը թող գա և ապացուցի, որ «Հայ ասպետի» անձնակազմից կա մարդ, ով եղել է կուսակցական: Այո, առաջարկներ շատ ենք ունեցել և շատ ենք տուժել դրանք մերժելու համար և միշտ ենք մերժելու, որովհետև «Հայ ասպետը» մանկական ազգային նախագիծ է և չի կարող կուսակցականացվել, և ես էլ իրենց համար հերթական տնօրենիկ չեմ: Մենք հենց դա ենք սովորեցնում մեր սաներին, որ Հայրենիքը վեր է բոլոր տեսակ խմբավորումներից ու կուսակցություններից»:

Տիկին Տոնոյանի խոսքերով, նա միայն ուրախ կլինի, որ մրցույթներ լինեն, իսկ  եթե «Հայ ասպետը» պարտվի, հպարտությամբ կտանի իր պարտությունը՝ սեղմելով հաղթողի ձեռքը, հաջողություն կմաղթի, ինչը որ արդեն 10 տարի սովորեցնում են իրենց խաղի մասնակիցներին և հնարավորության սահմաններում էլ կօգնեն հաղթողին՝ ինչով կարող են:

«Ի վերջո հեռուստանախագիծը տվել է իր ամենամնայուն արժեքը՝ մեր միջնակարգ դպրոցը, որտեղ սովորելու համար այսօր հերթեր են գոյացել, կշարունակենք «Հայ ասպետ» դպրոցի գործունեությունը, ի վերջո միայն խաղը կարող է չֆինանասավորվել կամ փակվել, իսկ «Հայ ասպետը», լինելով հսկայական հայրենասիրական և կրթադաստիարակչական կառույց, ունենալով 12000-ից ավել մասնակից ու հետևորդ՝  հո չի՞ փակվելու: Իսկ ինչ վերաբերվում է մտավախութուններին, ասեմ, որ «Հայ ասպետում» սկզբունք է՝ ամեն ճակատամարտ նախ հոգումդ ես հաղթում, մենք երբեք չենք վախենում, ոչնչից, ասպետականությունը հենց առանց վախի արգելքներ հաղթահարելու մեջ է»:

«Չի լինի «Հայ ասպետը», կլինի «Հայ Ասպետ» հիմնադրամի թողարկած մեկ այլ նախագիծ, բայց պետության ղեկին գտնվողները պետք է գիտակցեն, որ ցանկացած պետություն ուժեղ է նախ նման հասարակական կառույցներով, որոնք կրթում են վաղվա զինվորին, քաղաքացուն ու իշխանավորին»,- հավելեց տիկին Տոնոյանը:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից