ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը չի հետաքրքրում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին և նա որևէ կերպ չի հետևում նրա հայտարարություններին:
Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը նշել է, որ Քոչարյանի ակտիվությամբ և հայտարարություններով հետաքրքրվելու ժամանակ չունի, զբաղված է Երևանի խնդիրներով:
Ինչ վերաբերում է հարցին, թե կոնսոլիդացվելու է արդյո՞ք ԲՀԿ-ն երկրորդ նախագահի շուրջ, Ծառուկյան խմբակցության պատգամավորը նշել է, որ կուսակցության ղեկավարը հստակ պատասխան տվել է այդ հարցին՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ի միջոցով որևէ նախկին պաշտոնյան չի գալու իշխանությանը:
Զոհրաբյանի խոսքերով, ԲՀԿ-ն որևէ մեկին իշխանության բերելու մտադրություն չունի, իսկ ինչ վերաբերում է Երևանի ընտրություններում ԲՀԿ-ի շանսերին, Նաիրա Զոհրաբյանն այն շատ բարձր է գնահատում:
ԲՀԿ ցուցակի առաջին համարը խոսել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հնարավոր զինաթափման մասին՝ հայտարարելով, որ մտավախություն չունի այդ մասով, քանի որ Ծառուկյանն ու իր շրջապատը որևէ անօրինական քայլ չեն արել, իսկ ասֆալտին փռելու օպերացիան որևէ կապ չունի Երևանի ավագանու ընտրությունների հետ և այդ մասին մարդկանց հետ խոսելով չի լուծվի աղբահանության, վերելակների կամ կանաչապատման խնդիրը: