Քաղաքականություն 

Հասարակության զոմբիացման գործընթացը շարունակվում է. «Հայոց Աշխարհ»

analitik.am

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը.

-Ի՞նչն էր, ըստ ձեզ, ավելի արտառոց՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պատասխանատուների հեռախոսազրույցի գաղտնալսման փա՞ստը, դրա բովանդակությո՞ւնը, թե՞ վարչապետ Փաշինյանի արձագանքը համացանցը պայթեցրած «սենսացիոն» ձայնագրությանը։

-Անկեղծ ասած, ձայնագրությունը լսելուց հետո հույս ունեի, որ համապատասխան մարմինները կհերքեն՝ կասեն, որ ձայնագրությունը սարքված է, որովհետեւ գիտակցում էի դրա վտանգավորությունը։ Պարզապես անհեթեթ է, որ հնարավոր է գաղտնալսել եւ ձայնագրել ԱԱԾ պետի հեռախոսազրույցները։

Ցավոք, այդ երկու պաշտոնատար անձինք ոչ միայն չհերքեցին, այլեւ հաստատեցին՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես եղել է։ Բայց սա հարցի մի՛ կողմն է։ Կա նաեւ հարցի մյուս կողմը՝ բուն ձայնագրության բովանդակությունը, որ նույնքան, եթե չասեմ՝ ավելի վտանգավոր է եւ նույնքան արտառոց: Առավել եւս, երբ նոր իշխանության ղեկավարը նախկին իշխանություններին մշտապես մեղադրել է դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու, որոշումներ պարտադրելու մեջ՝ վստահեցնելով, որ ինքը չի միջամտել, չի միջամտում եւ երբեւէ չի միջամտելու իրավական գործընթացներին։

Այս ձայնագրությունը հակառակն ապացուցեց, եւ սա ուղղակի անընդունելի է. երբ դու հրապարակավ մի բան ես ասում, եւ անում ճիշտ հակառակը, ես արդեն սկսում եմ լրջորեն կասկածել քո բոլոր հայտարարություններին ու բարի մտադրություններին։

Որքան էլ ցավալի է, մեր հասարակության ինչ-որ մի հատված շարունակում է մնալ զոմբիացված վիճակում, եւ իրավիճակը սառնասրտորեն վերլուծելու փոխարեն ծափահարում է այն ամենին, ինչ ասում եւ անում է վարչապետը։
Նույն վարչապետն էր, չէ՞, կոչ անում իր ընդդիմախոսներին՝ մտածեք, հետո խոսեք։ Համաձայն եմ՝ պետք է մտածել, հետո խոսել, բայց երբ ինքդ չես հետեւում, համակիրներիդ էլ չես հորդորում հետեւել քո հռչակած սկզբունքներին, պարզապես արժեզրկում ես քո խոսքը, որն էլի վտանգավոր տեղ է տանում։ Ժամանակն է, որ այդ զոմբիացված հատվածը սթափվի եւ վերադառնա իրականություն։ Հասկանում եմ, իհարկե, որ մարդիկ բազմաթիվ, այդ թվում՝ օբյեկտիվ դժգոհություններ ունեն նախկին իշխանություններից, բայց չի կարելի աչքերը փակ՝ ուռա գոռալով գնալ «առաջ»։

Ի վերջո, մենք պետություն ենք, ունենք պետականություն, որը կանգնած է լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջեւ։ Սա չնկատել, համարժեք չգնահատել ներքին անկայունության սպառնալիքները, որոնցից վստահաբար օգտվելու են մեր հակառակորդները՝ առնվազն կարճամտություն է։

Կարծում եմ, մեր հասարակության, հատկապես պետական բարձր ատյաններում գտնվողների, առաջին հերթին՝ վարչապետի համար, շատ կարեւոր է իրենց ներսում ունենալ այդ «ստոպ» նշանը. մի պահ կանգ առնել, վերլուծել իրավիճակը, մտածել, հետո հայտարարություններ անել։

Հուսով եմ՝ այդպես էլ կլինի։ Այլապես այսպես շարունակվելու դեպքում, մենք կհայտնվենք աղետալի մի հանգրվանում, որից այն կողմ վտանգված կլինի պետության ժողովրդավարական զարգացումը։

-Վերջին հանրահավաքում Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն՝ բառի բուն իմաստով պատերազմ հայտարարեց հանրապետականներին, «օլիգարխներին» եւ բոլոր մնացած «հակահեղափոխականներին», որոնք համարձակվում են ձեռնոց նետել «ժողովրդին», այսինքն՝ իրենց, եւ խանգարում են «կոռուպցիայի եւ մարդասպանների» դեմ անհաշտ պայքարին։ Ինչքա՞ն երկար կարող է շարունակվել այս «տրագիկոմեդիան»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից