Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ֆրանսիական պարբերականը քննադատել է ՀՀ հետհեղափոխական արդարադատությունը

analitik.am

Ֆրանսիական Le Monde  de Droit իրավական ուղղվածության պարբերականը  «Դուք նրան կկալանավորեք, անկախ նրանից ուզում եք, թե՝ ոչ» վերնագրով ծավալուն վերլուծական է հրապարակել, որում  անդրադարձել է Հայաստանի արդարադատության մասով մտահոգություններին: Հոդվածում նախ նշվում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման մասին՝ ընդգծելով այն հատվածը, որտեղ ասվում է, որ դատավորն ուզի-չուզի պետք է կալանք տա: Հեղինակը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է՝ որպես Ռոբերտ Քոչարյանի վաղեմի թշնամի, ով վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր անկախ արդարադատություն ունենալու սկզբի մասին:

Պարբերականը նշում է, որ 2008-ի մարտի մեկից 10 տարի անց Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ, հրապարակային քննադատում  կաշառված դատարանները, ասում, որ այսուհետ որևէ հրաման դատավորները որևէ մեկից չեն ստանա, ապա վերաբացում է Մարտի 1-ի գործը. «Իհարկե, Մարտի 1-ի գործը կարևոր է և պետք է ի վերջո լույս սփռվի այս գործի վրա, սակայն հետհեղափոխական  նախաքննական մարմնի մեթոդների,  արդար դատաքննության և գործադիր մարմնի կողմից ունեցած անհանդուրժողականության մասով մտահոգվելու տեղիքներ կան»:

Հոդվածում նշվում է, որ Մարտի 1-ի գործը պետք է քննվի բացառապես իրավական դաշտում, յուրաքանչյուր այլ իրավիճակ կարող է վտանգավոր լինել՝  նույնիսկ տարածաշրջանային վտնագ ներկայացնել. «Դա կարող է հանգեցնել պետության թուլացման, ինչն էլ իր հերթին ապագայում  թույլ կտա Հայաստանի թշնամիներին մեղադրել ՀՀ ներկա և ապագա իշխանություններին  անկախ գործող մարմինների աշխատանքում պաշտոնապես կամ քողարկված կերպով  միջամտություններ կատարելու մեջ: Թուրքիան և Ադրբեջանն անհամբեր սպասում են կայացվելիք դատական վճիռներին՝ ոչ թե ժողովրդավարական արժեքների համար մտահոգ լինելով, այլ տեսնելու համար, թե  ինչպես է Հայաստանն ինքն իրեն թուլացնում: Վենդետտայից դրդված որոշումը ոչ թե ժողովրդավարության ամրապնդում կլինի, այլ պետության թուլացում:  Հայաստանը չի կարող անօրինական որոշումներ կայացնելու ճոխություն իրեն թույլ տալ: Քրեական օրենսգիրքը և միջազգային կոնվենցիաները գործադիր իշխանության քաղաքական պահանջներին ադապտացնելու ցանկությունը վտանգավոր է:  Եթե իշխանությունները թույլ են տալիս նման շեղումներ հանուն ավելի բարձր գաղափարների, քան դատավորների արդարադատությունն է, ապա երաշխիք չկա, որ հետագայում նրանք նույն կերպ չեն վարվի  այլ քաղաքացիների՝ քաղաքական հակառակորդների,  անհնազանդ քաղաքացիների և լրագրողների  հետ: Չենք խոսում դեռ այն մասին, որ, եթե այս գործը հասնի ՄԻԵԴ, ապա Հայաստանը միանշանակ պարտվելու է»:

Նշենք, որ հոդվածը հրապարակվել է այսօր, երբ տեղի է ունենում  Փաշինյան- Մակրոն հանդիպումը:

Նույն շարքից