Քաղաքականություն 

Ռուսական կողմն առաջիկայում նախատեսում է կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպումներ

analitik.am

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը և Հայկ Բաբուխանյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստերի անցկացմանն ու օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական համագործակցությանը:

Կարևորվել է բարեկամական խմբերի միջև համագործակցության աշխուժացումը, երկուստեք անհրաժեշտ համարվել առկա հարաբերությունների ամրապնդումն ու շփումների ակտիվացումը: Այս նպատակով ռուսական կողմն առաջիկայում նախատեսում է կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպումներ:

Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղի ունեցող գործընթացներին և հնարավոր զարգացումներին, Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը:

Պատգամավորն ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարևորել առկա բազմակողմ կապերի ամրապնդումը, որի համար, ըստ նրա՝ մեծ ներուժ կա:

Լեոնիդ Կալաշնիկովի խնդրանքով Անդրանիկ Կարապետյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Ռուս խորհրդարանականների հաջորդ հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի և Լուիզա Սարգսյանի հետ էր:

Հայ օրենսդիրները կարևորել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին և առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:

Քննարկվել է նաև տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը:

 

Նույն շարքից