Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները. Ալեսյա Բեջանյան

analitik.am

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ հանձինս Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Թարխանյանի:

Վերոնշյալ կանայք միակը չեն, որ ընդգրկվել են ավագանու ընտրությունների ցուցակներում: Կան մեծ թվով կանայք, ովքեր պայքարում են Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար: Analitik.am-ը հարցազրույցների շարք է սկսել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կանանց հետ:

Ավագանու ընտրություններին մասնակցող կանանց տրվելու են նույնաբովանդակ հարցեր՝ ոչ քաղաքական:

Հ.Յ դաշնակցությունու ընդգրկված Ալեսյա Բեջանյան.

Ալեսյա, որքանո՞վ է կարևոր ընտրություններին կանանց մասնակցությունը:

Ինքս, լինելով աշխարհի ամենամեծ կանանց կազմակերպության ներկայացուցիչներից մեկը (Հայ Օգնության Միության կենտրոնական վարչության անդամ), չեմ կարող չկարևորել կանանց դերը, առավել ևս, որ իմ ամենօրյա աշխատանքում հանդիպում ու շփվում եմ այնպիսի կանանց հետ, որ կարող են «սարեր շուռ տալ»: Ես ցանկացած ասպարեզում եմ կարևորում կանանց ներկայացվածությունը: Շատ կարևոր եմ համարում, որ կանայք և տղամարդիկ ունենան հավասար հնարավորություններ և հաջողության հասնեն ըստ իրենց գիտելիքների և կարողությունների, այլ ոչ թե սեռով պայմանավորված: Միևնույն հարցի շուրջ տղամարդիկ ու կանայք կարող են տարբեր կերպ մտածել, և այդ տարակարծության արտահայտման շնորհիվ է, որ կարող ենք ավելի մեծ արդյունքներ ունենալ:

Ընտրողի համար թեկնածու կնոջ արտաքինը դրական նշանակություն կարո՞ղ է ունենալ:

Հաճելի է, երբ թեկնածուն գեղեցիկ, գրավիչ կին է կամ համակրելի տղամարդ է: Բայց այդ հանգամանքն, անշուշտ, որոշիչ լինել չի կարող, եթե ընտրում ես ոչ թե արտաքին, այլ՝ անցած ճանապարհ, գաղափարախոսություն, ծրագիր:

Որքան էլ մենք ժխտենք, կլինեն մարդիկ, ովքեր կանանց կընտրեն բացառապես տեսքի համար, ինչպես շատ կանայք անում են տղամարդկանց դեպքում: Սրան ինչպե՞ս եք վերաբերում:

Իհարկե, կլինեն, բայց ես այդ մոտեցմանը լուրջ չեմ վերաբերվում:

Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ կանայք երբեմն իրենց արտաքինը՝ դրական իմաստով, օգտագործում են քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար:

Լավ իմաստով տեսքն օգտագործելն այդքան էլ լավ չեմ պատրեկացնում:    Ցանկացած ասպարեզում մարդը պետք է հաջողության հասնի գիտելիքի, կարողությունների, աշխատասիրության, փորձի շնորհիվ: Եթե այս ամենին զուգահեռ էլ գեղեցիկ արտաքին կա, ուրեմն, ավելի լավ:

   Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից