Այսօր Նուբարաշեն վարչական շրջանում կայացած հանրահավաքի ժամանակ Իմ Քայլը դաշինքի ցուցակը ղեկավարող Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ իրենց ցուցակում ներառված են մարդիկ, ովքեր ամեն օր մտահոգված են Երևանի ներկայիս և ապագա վիճակի մասին. «Ներկայացնեմ, թե ինչ ենք անելու ապագայում, եթե Երևանի բնակիչների վստահության քվեն ստանանք: Քայլ առաջին՝ ուղիղ ժողովրդավարություն, սա նշանակում է, որ բոլոր ամենահիմնական հանրային մեծ հնչեղություն ստացած հարցերը երբեք ու երբեք մենք միանձնյա չենք լուծելու, բոլոր այս հարցերը հանվելու են հանրաքվեի:
Քայլ երկրորդ՝ տրանսպորտ, այս խնդիրը համաքաղաքային խնդիր է, ինձ համար տրանսպորտը միայն Ա կետից Բ կետ տեղափոխվելու միջոց չէ, դա դարձել է պատվի հարց: Մենք կարող ենք տրանսպորտից դատել, թե ինչքան են մտածում իշխանություններն իրենց քաղաքացիների մասին: Մեծ և միջին ավտոբուսները սպասարկելու են Երևանի առաջնային փողոցները, փոքր ավտոբուստները՝ երկրորդային փողոցները, բոլոր ավտոբուսներում լինելու են տաքացման և հովացման համակարգեր, լինելու են սալյակներով մուտք գործելու հնարավորություն: Նախատեսում ենք առնվազն մեկ մետրոյի կայարանի կառուցում՝ Թումոյի մոտ, որպեսզի մեր երեխաները կարողանան հաճախել Թումո, սովորեն, զարգանան: Լինելու է միասնական տոմս: Այն մարդկանց համար, ովքեր օգտվելու են մեկ կամ երկու կանգառ, հին տարբերակը պահվելու է, որ մարդիկ կարողանան մեկանգամյա տոմս էլ գնել: Մենք ուզում ենք գործարանային կայարանի շուրջը ստեղծենք բիզնես կենտրոններ, գործարաններ, բազմաբնակարանային շենքեր, որպեսզի այդ կայարանը սպասարկի այդ ամեն ինչը»:
Խոսելով Նուբարաշենի մասին, Մարությանն ասաց. «Ես չեմ ուզում, որ մենք Նուբարաշեն ասելով հիշենք աղբանոցը, գժանոցը, մի խոսքով, ոց-ով ինչքան բան կա, ես ինչու եմ սա ասում, քանի որ Իմ Քայլը դաշինքի կարգախոսն այն է, որ Երևանը միայն Կենտրոնը չէ»: