Հայաստան Քաղաքականություն 

Արտակ Զեյնալյանը հաղթող թեկնածու է. Արամ Սարգսյան

analitik.am

Այսօր Ավան  վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած հավաքի ժամանակ Լույս դաշինքի անդամ Արամ Սարգսյանն ասաց, որ փորձում են իրենց խոսքով ու գործով լույս տարածել. «Բարեբախտաբար, մեզ ընկել է 8 թիվը, որը հավերժություն է խորհրդանշում, ուստի հիշեք 8-ը և լույս բառերը: Ինչի՞ ստեղծեցինք Լույս դաշինքը: Սկսեմ նրանից, որ այսօր ամբողջ օրը ես ու Էդմոն Մարուքյանն ամբողջ օրը քայլել ենք մայրաքաղաքում, զրուցել ենք մարդկանց հետ, երբ զրուցում էինք, մեզ ասում էին, թե ինչու միասին չեք, նախկինում Ելք էիք, լավն էիք իրար հետ, ներդաշնակ իրար հետ, հիմա առանձին եք: Քանի որ այս հարցը կա, ապա պետք է պատասխանեմ: Ասեմ, որ մեր գործընկեր, ԵԼՔ դաշինքի երեք կուսակցություններից Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նախաձեռնեց Իմ Քայլը և հաջողություն ունեցավ՝ հեղափոխություն անելով, հեղափոխությունից հետո դարձավ բազմամարդ, մի քանի անգամ ավելի, քան մեր կուսակցություններն են, որոշում կայացրեց, որ պետք է միայնակ գնա՝ քաղաքապետի իր թեկնածուով,  մենք հո չէի՞նք գալու ասեինք, որ՝ գիտեք ինչ, մեզ էլ վերցրեք: Այդ ժամանակ մեզ ի՞նչ էին ասելու, որ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը պատեհապաշտ մարդիկ են, պաշտոն են ուզում, հետո իրենք էլ պիտի առաջարկեին մեզ: Իրենք համարում են, որ իրենք բազմամարդ կուսակցություն են, ունեն համապատասխան գիտելիքներ, համապատասխան մարդիկ, մենք էլ մեր կուսակցությունները  չենք փակել, չենք գնացել տուն, գտել ենք, որ մենք ասելիք ու անելիք ունենք, ընտրել ենք մեզ անուն ու մտել ենք այս ընտրապայքարի մեջ:  Ընտրել ենք թեկնածուի, որում տեսնում ենք հաղթանակ»:

Արամ Սարգսյանը խոսեց նաև  Արտակ Զեյնալյանի մասին՝ նշելով, որ անընդհատ ապրել է հերոսի հետ, ում սխրանքն աննկարագրելի է, ով իր ընկերներին օգնելու համար բացահայտել է իր տեղը, որ թշնամին իր ուղղությունը վերցնի ու  մնացած ընկերները կարողանան դուրս գալ. «Արդյունքում կորցրել է ոտքը, այդ վիճակում էլ կարողացել է իր վիրավոր ընկերոջն օգնություն ցույց տալ: Արտակը նեղանում է, որ այսօր իր մասին խոսելիս բերում ենք այդ օրինակը, ինչո՞ւ ենք բերում, որ ցույց տանք, որ նա մինչև վերջ պայքարող տեսակ է: Այնուհետև կորցրած ոտքով նա նորից վերադարձել է պատերազմի դաշտ: Պատերազմից հետո նա ընդունվել և ավարտել է բժշկական համալսարանը, որից հետո էլ իրավաբանական կրթություն է ստացել»:

Սարգսյանը խոսեց նաև այն մասին, որ երբ իրեն ազատել են աշխատանքից, Արտակին պաշտոն են առաջարկել, սակայն վերջինս հրաժարվել է պաշտոնից՝ իր հետ միասին դուրս գալով աշխատանքից:

Արամ Սարգսյանը նաև նշեց, որ այս Ազգային Ժողովը պետք է պարտադիր ցրվի, որից հետո էլ պետք է կառավարությունը ցրվի: Նա նաև խոսեց այն մասին, որ Լույս դաշինքը հաղթող թիմ է, Արտակ Զեյնալյանն էլ հաղթող թեկնածու է՝ նշելով, որ որևէ ուժ մոնոպոլ չպիտի ղեկավարի, դա լավ է նաև հենց այդ ուժի համար:

Նույն շարքից