Գլխավոր Հասարակություն 

Երկար ժամանակ, որ չեն կրակում, անհանգստանում ենք. Չինարիում վախեցած չեն ադրբեջանական կրակոցներից

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ սեպտեմբերի 14-ին, ադրբեջանական ուժերը կրակ են բացել Չինարի գյուղի ուղղությամբ:

Analitik.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ կրակոցների արդյունքում երկու տուն է տուժել: Տներից մեկի տանիքն է վնասվել, իսկ մյուսին էլ պատից մի քանի քար է ընկել:

Համայնքապետը նշեց, որ գյուղում խուճապ չկա, իրենց համար արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, արդեն 30 տարի է ապրում են նման պայմաններում: Պարոն Սաղոյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզը, դպրոցը սովորական ռեժիմով գործում են, գյուղացիները զբաղված են իրենց գործերով:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ զենքով են կրակել ադրբեջանական կողմից, ապա Չինարի գյուղի համայնքապետը նշեց, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ԴՇԿ-ով և դիպուկահար հրացաններով: Հայկական կողմը պարտադրված անմիջապես պատասխան կրակ է բացել և լռեցրել հակառակորդին:

Սաղոյանը նաև կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ իրենք երբեմն անհանգստանում են, երբ հակառակորդը երկար ժամանակ չի կրակում՝ ցանկանալով նշել, որ գյուղացիները վախեցած չեն, տարօրինակ որևէ բան չի պատահել:

Նույն շարքից