Հասարակություն 

Ինձ փռեցին ասֆալտին. ԲՀԿ անդամը պատմում է, թե իրականում ինչպես են ոստիկաններն իրեն փռել գետնին

Սեպտմեբերի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Պետրոս Ղազարյանը հայտնել էր, որ ոստիկանությունն ասֆալտին է փռել իրենց ցուցակի 7-րդ համարին: Ավելի ուշ դրան արձագանքել էր Ոստիկանությունը:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին ԲՀԿ-ի մամուլի ասուլիսի ժամանակ վերոնշյալ անձը՝ ֆինանսիստ Մարկոս Հարությունյանը, ով, Ղազարյանի խոսքերով (կատակեց), արդեն կայացած օլիգարխ է և սափրագլուխ, մանրամասներ պատմեց կատարված դեպքից:

Հարությունյանը նշեց, որ հրապարակված տեսանյութը, որի հերոսն ինքն է, իրականությանը չի համապատասխանում, իսկ իրականությունն այն է, որ Շենգավիթում քարոզարշավից հետո իր ընկերները ցանկացել են իր հետ գնալ նախընտրական շտաբ, որպեսզի հարցեր քննարկվեն, դրանից հետո իրենք նստել են մեքենաներ և շարժվել դեպի 3-րդ մասում գտնվող նախընտրական շտաբ, որտեղ 40 րոպե մնալուց հետո շարժվել են դեպի Աջափնյակ. Պռոշյան փողոցում, մասկաներով, եթե ճիշտ եմ հիշում, ավտոմատներ էլ կային, մեզ փռեցին ասֆալտին: Երբ մեզ կանգնելու հրաման տրվեց, ես ձեռքերս պարզեցի այնպես, որ երևան: Դրանից հետո իջել եմ մեքենայից, իմ հագին եղել է ԲՀԿ-ի լոգոյով շապիկը, ես ներկայացել եմ, որ ավագանի անդամ եմ և ցանկացել եմ պարզել, թե ինչ խնդիր կա: Սակայն նրանք, առանց որևէ բառ ասելու, բառի բուն իմաստով փռեցին ասֆալտին, նկարահանումներ արեցին ու ասացին, որ կարող եմ գնալ: Որևէ բան ինձ չեն պարզաբանել: Իսկ հետո հայտնվեց տեսանյութը, որ ես շրջում եմ թիկնազորով, կալոնայով: Բոլորն ինձ ճանաչում են, ես օլիգարխ չեմ, չունեմ թիկնազոր: Ոստիկանները մեծ սխալ են թույլ տվել:

Պետրոս Ղազարյանն իր հերթին ասաց, որ մեքենան Լադա է եղել և աշխարհում չկա նման դեպք, որ օլիգարխը Լադայով շրջի:

Հարությունյանի խոսքերով, ինքը մեքենա նստելուց չի ֆիքսել, որ իր և ընկերների ավտոմեքենաների համարանիշներն իրար նման են:

Պետրոս Ղազարյանը նաև հայտարարեց, որ տեղի ունեցածն իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում, ճնշում չեն համարում, սակայն Հայաստանում օրենք չկա, որը կարգելի մարդկանց շարասյունով շրջել, ավելին՝ շարասյուն եզրույթ չկա:

Ղազարյանի խոսքերով, մտահոգիչ է այն, որ իրենց անդամին ներկայացնում են որպես հանցագործ:

Նույն շարքից