Գլխավոր Հասարակություն 

Կոթիում ադրբեջանական կրակից քաղաքացիական անձ է վիրավորվել

analitik.am

Երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում հակառակորդի կողմից կրակոցներ են եղել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա, ինչ արդյունքում վիրավորվել է մեկ անձ։

Analitik.am-ի հետ զրույցում Տավուշի  մարզպետ Վահե Ղալումյանը հայտնեց, որ Կոթի գյուղի վրա կրակոցների արդյունքում վիրավորվել է մեկ անձ․ «Երեկ երեկոյան, 22:00-ի սահմաններում կրակոցներ են եղել Կոթի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով ոտքի բեկորային վնասվածք է ստացել մեկ քաղաքացիական անձ»,-ասաց նա։

Ղալումյանը նաև հայտնեց, որ այս պահին կրակոցներ չկան, բայց Չինարիի  ուղղությամբ երեկ երեկոյան նորից ակտիվություն է նկատվել հակառակորդի կողմից: Վազաշեն, Այգեհովիտի ուղղությամբ նույնպես կրակել են,  վնասվել են ավտոմեքենաներ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հակառակորդի կողմից ակտիվությունը, մարզպետն ասաց, որ ինչքանով իրենց է հայտնի, դա կապ ունի գյուղատնտեսական աշխատանքների, բերքի հավաքի հետ․ «Որքանով, որ հետաքրքրվել ենք, մեր զորավարժությունների շրջանում այդպիսի ակտիվություններ շուտ էլ եղել է, դրա հետ է կապված թե ընդհանրապես, նաև գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի շրջանում են ակտիվանում»,- ասաց նա։

Նույն շարքից