Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանն այն մասին, թե ինչու չի գնացել երեկ կայացած հանրահավաքին

Այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որի ժամանակ ասաց, որ երեկ չի մասնակցել Նոր նորքում տեղի ունեցած հանարահավաքին և ուզում է պատմել, թե որն  է խնդիրը. «Գիտեք, վերջին շաբաթվա ընթացքում մեր քաղաքական մյուս ուժերի կողմից, ովքեր նույնպես մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, շատ հաճախ հնչում է մտահոգություն այն կապակցությամբ, որ ես ակտիվ, ամենօրյա գրեթե ռեժիմով մասնակցում եմ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։

Իհարկե, մենք պարզաբանել ենք, որ դա համապատասխանում է և քաղաքական տրամաբանությանը, և հեղափոխական տրամաբանությանը, և ՀՀ-ի օրենքին։ ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ՝ այ օրինակ, Սերժ Սարգսյանը, երբ որ երկրի ղեկավար էր, նա չէր մասնակցում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, և մենք բոլորս գիտենք, թե ինչու չէր մասնակցում։ Երևանի ավագանու նրանց թիմն ասում է՝ դու այնտեղ մի երևա, գոնե մի քիչ բնական ձայն հավաքենք, որովհետև, եթե առանց քեզ կաշառքը 10 հազար դրամ է, որ դու գաս, դառնալու է 30 հազար դրամ։

Այնպես որ դրա բացատրությունը նույնպես կա, բայց երեկ ես մտածում էի և փոքր մեր խմբով քննարկեցինք, ես երեկ ցանկացա այդպիսի մի ժեստ անել քաղաքական մյուս ուժերի նկատմամբ, որպեսզի չստացվի, որ մենք նրանց ընդհանրապես չենք լսում, բայց արդյունքում վատ բան ստացվեց, որովհետև պարզվեց՝ նախապես նոր Նոր Նորքի ժողովրդին իրազեկված էր, որ ես պետք է մասնակցեմ և այս նրբության մասին գործնականում իմացա այն ժամանակ, երբ հավաքը Նոր Նորքում արդեն ավարտված էր, և ես ուզում եմ ներողություն խնդրել Նոր Նորքի մեր հայրենակիցներից, հույս ունեմ ըմբռնումով կմոտենաք այս հանգամանքին, իսկ Նորք Մարաշում և Նուբարաշենում ես ուղղակի աշխատանքային այցով գտնվում էի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Ճիշտ է՝ իրազեկման թերթիկների վրա գրված է, որ ես պետք է մասնակցեմ, բայց ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ մենք ընդհանրապես փակել ենք մեր ականջները և չենք լսում ոչ մեկի՝ կապ չունի՝ ինչքանով ենք այդ քննադատությունն արդարացի կամ անարդարացի համարում, բայց նոր Հայաստանի համար շատ կարևոր է, որ իշխանությունը լսելու ընդունակություն ունենա, և իշխանությունը լսելու ընդունակություն ունի, բայց դա չի նշանակում, որ իմ մասնակցությունը քարոզարշավին համարում ենք, որ ճիշտ է՝ ասում եմ դա օրենքով արգելված չի,  տրամաբանական է, որ պետք է քաղաքական թիմի ներկայացուցիչները մասնակցեն։

Երևանի ավագանու ընտրությունները շատ կարևոր են մեզ համար, որովհետև սա հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, բայց այս շփումը միայն ընտրական տրամաբանություն չունի, ես չգիտեմ՝ ճիշտ կհասկանաք իմ ասածը, վարչապետի աշխատանքում ինձ ամենաշատը չի հերիքում մարդկանց հետ շփումները, և ես ուղղակի առիթ եմ փնտրում, որպեսզի ձեր հետ շփվելու հնարավորություն ունենամ։

Եվ նրանք, ովքեր ինձ հետ ամենօրյա շփում են ունենում, գիտեն որ, երբ որ քաղաքացիների հետ շփման ինչ-որ դադար եմ ունենում, անպայման ամբողջ օրվա ընթացքում շատ վատ տրամադրության մեջ եմ լինում անընդհատ, և նրանք գիտեն, որ դա կապված է նրա հետ, որ մի քանի օր փողոց դուրս չեմ եկել, մարդկանց հետ չեմ շփվել, էս սիրուն երեխեքին չեմ տեսել, տո նրանց հետ չեմ նկարվել, որովհետև այս շփումը չափազանց կարևոր է ինձ համար, մեզ համար, և ես հույս ունեմ նաև ձեր համար, համենայնդեպս ես վարչապետ եմ այնքան ժամանակ քանի դա ձեզ պետք է, երբ որ դա ձեզ պետք չլինի, ես այլևս չեմ լինի վարչապետ, և մեր թիմը չի լինի իշխանություն»։

Նույն շարքից