Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Դու էլ քո որդուն ուղարկիր առաջնագիծ. Փաշինյանը՝ Ալիևին

analitik.am

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած հավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում կայացած հեղափոխությունից հետո.  «Արդեն երկու ամիս է՝  Ադրբեջանի ժողովուրդը հարց է դնում իր ղեկավարի առաջ՝ այդ ո՞նց է որ ՀՀ  ղեկավարի որդին ծառայում է բանակում, իսկ քո որդին՝ չի ծառայում բանակում, որովհետև Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ երբ որ Իլհամ Ալիևն  այդպիսի հեշտությամբ սրում է սահմանին և շփման գծում իրավիճակը, նա ոչ մի պրոբլեմ չունի, որովհետև նա գիտի, որ զոհվելու են ուրիշ ադրբենջացիների որդիներ, և իր որդուն ոչինչ չի սպառնում։

Վերջին երեք օրերին Հայաստանի զինված ուժերը ստիպված են եղել խոցել երեք ադրբեջանցի զինվորի և դա արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետև Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Մովսեսի, Չինարիի վրա։ Նրանց լռեցնելը, նրանց կրակակետերը ճնշելը, իրավիճակի փոփոխության, իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է։ Եվ ամեն անգամ՝ այո, պետք է արձանագրել, որ երբ որ Իլհամ Ալիևը հոխորտում էր Հայաստանի հաշվին, նա, ըստ էության, ճանապարհ է բացում հազարավոր ադրբեջանցի մայրերին դժբախտացնելու համար, որովհետև նա գիտի՝ իր զավակին ոչինչ չի սպառնում։

Եվ հիմա էլ նա իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը ծառայելու, և նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին, իմ որդին կամավոր մեկնել է ծառայության Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն դարձել է մեկ տուն, մեկ ընտանիք և կապ չունի, թե որ զինվորի հետ ինչ տեղի կունենա, նրանք մեր բոլորի համար հավասար են, և մենք նրանցից յուրաքանչյուրի համար ցավում ենք, ինչպես սեփական որդիների։

Եվ հիմա, եթե Ալիևը գնում է այդ ճանապարհով, ադրբեջանցի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին նույնպես ծառայի առաջնագծում, տեսնենք այս պարագայում նրանք նույնպիսի լկտիությամբ կպահեն իրենց, թե՝ ոչ։ Ադրբեջանի նախագահը թքած ունի իր զինվորների կյանքի վրա, որովհետև նրան չի հետաքրքրում իր զինվորները, նրան հետաքրքում է իր ընտանիքի միլիարդները, և որևէ ադրբեջանցի չպետք է հավատա, որ նա ինչ-որ բան ուզում է անել հանուն հայրենիքի համար, նա որևէ բան ուզում է անել միայն իր միլիարդները պաշտպանելու համար։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որևէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որևէ բանում, որևէ տեղ, մենք որևէ գործողության դիմում ենք այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէ չդիմել հակագործողության։ Ալիևը թքած ունի ձեր երեխաների վրա, նա շոուներ է ցույց տալիս, թող իր որդուն ուղարկի առաջնագիծ, հենց այնտեղ, այն մասի հակառակ կողմը, որտեղ իմ որդին է ծառայում, և մենք կտեսնենք, թե ոնց է պահում այդ պարագայում։ Եթե ես մեր բանակին, մեր զինվորներին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն, եթե դու էլ ես այդպես անելու, առաջինն ուղարկիր քո որդուն և մի խաբիր քո ժողովրդին և քո թալանածը մի ներկայացրու՝  որպես հայրենիքի պաշտպանություն»։

 

 

 

Նույն շարքից