Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական Le Monde օրաթերթին
Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որում հայտնվել է Հայաստանն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Դիտարկենք իրականությունն այնպես, ինչպես կա․ ադրբեջանական իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, իբրև թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք ուզում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելո՞ւ։ Ես լավ չեմ հասկանում, թե որն է Ադրբեջանի այն տրամաբանությունը, ըստ որի նա ուզում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ խոսելու՝ լինել նրա հետ միևնույն պետության կազմում։ Ադրբեջանն այստեղ ինքն իրեն հակասում է։ Եթե Բաքուն ուզում է լինել նույն պետության մեջ, ինչ Լեռնային Ղարաբաղը, ապա պետք է շահագրգռված լինի ժամ առաջ նրա հետ բանակցություններ վարել: Կամ գուցե՞ Բաքուն ուզում է ստանալ Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա կնշանակի, որ Ադրբեջանն ուզում է քշել կամ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բաքուն պատրաստվում է նոր ցեղասպանությո՞ւն իրականացնել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա այդպես է, ապա Ղարաբաղի բնակչությունն իրավացի է, երբ պնդում է, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը։ Քանի որ այդ պարագայում Ադրբեջանի կազմում լինելն իրենից ներկայացնում է սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար։
Ֆրանկոֆոնիայի մոտալուտ գագաթաժողովի նախապատրաստական շրջանակներում դուք հանդիպել եք նախագահ Մակրոնին։ Ի՞նչ եք ակնկալում այդ գագաթաժողովից, որը դիվանագիտական ամենակարևոր իրադարձությունն է՝ 1991 թվականին Անկախության հռչակումից ի վեր։
Ինչ վերաբերում է գագաթաժողովին, ապա մենք ակնկալում ենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այդ իրադարձությունից դուրս կգա ավելի հզորացած։ Եվ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր՝ մենք մեր պարտքն ենք համարում ամեն ինչ անել դրա համար։
Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի սպասվող պետական այցին՝ մենք ակնկալում ենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կբարձրանան նոր աստիճանի, հատկապես երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ, Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարվող ներդրումների քանակի ավելացմամբ, երկու երկրների ավելի սերտ համագործակցությամբ՝ միջազգային հարթակներում, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նախագահ Մակրոնի հետ հանդիպումն ինձ տվեց լավ հիմքեր համոզված լինելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։