ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է պատասխանել ռուսական կիբերհարձակումներին: Այս մասին հայտնում է Axios-ը:
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերով, ռուսաստանցի հաքերների կողմից ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած պետության վրա հարձակման դեպքում սկսելու է աշխատել կազմակերպության 5-րդ հոդվածը՝ հավելելով, որ դա տեղի չի ունենալու ավտոմատ կերպով, ամեն ինչ պայմանավորված է լինելու հարձակման բնույթով:
Սթոլթենբերգը նաև նշել է, որ դաշինքը նախօրոք չի ասելու, թե որ դեպքում է կիրառվելու նշյալ հոդվածը:
5-րդ հոդվածն ասում է, որ դաշինքի անդամ ցանկացած երկրի վրա հարձակումը գնահատվում է որպես հարձակում դաշինքի վրա: Այդ դեպքում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պետք է օգնություն ցուցաբերեն հարձակման ենթարկված երկրին՝ դիմելով նաև միասնական քայլերի՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ, այդ թվում նաև դիմել զենքի կիրառմանը, դաշինքի անվտանգությունն ապահովելու համար: