Լենա Նազարյանը միշտ կողմ է եղել թեկնածուների միջև բանավեճին: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որով նա բանավեճի էր հրավիրել Իմ քայլը դաշինքի առաջին համար Հայկ Մարությանին:
Ամեն դեպքում Նազարյանի խոսքերով, այս դեպքում որոշում կայացնողը Հայկ Մարությանը պետք է լինի: ԵԼՔ խմբակցության ղեկավարը նշեց, թե չի կարծում, որ Մարությանը խուսափում է բանավեճերից, ուղղակի հավանաբար նա ավելի կարևոր է համարում քաղաքացիների հետ հանդիպելը:
Ինչ վերաբերում է Հայաստանում հնարավոր վհուկների որսին, Նազարյանը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը վարչապետ է ընտրվել ժողովրդի ճնշման ներքո, պատգամավորներից շատերը ստիպված են եղել ձայն տալ վերջինիս, այդ իմաստով կառավարությունում էլ այդ ուրիշների հետ համագործակցությունը պարտադրված է, ոչ թե ՔՊ-ի ընտրությունն է. «Ինչ վերաբերում է հանրահավաքների ժամանակ վարչապետի խոսքերին, ես չեմ ուզում դրանք մեկնաբանել»:
ԵԼՔ խմբակցության պատգամավորը, խոսելով ընտրակաշառքների մասին, նշեց, որ քաղաքացիներից տարբեր տեղեկություններ են ստանում այդ մասով և արդեն դիմել են իրավապահներին. «Վարչապետի կոծ հայտարարություններն ուղղված են այն անձանց, քաղաքական գործիչներին, ովքեր գործում են հեղափոխության դեմ, հեղափոխության արժեքների և օրինականության դեմ: Մենք խոստացել ենք արդար և ազատ ընտրություններ, եթե կլինեն ընտրակաշառքի կազմակերպիչներ, ովքեր վտանգում են ընտրության օրինականությունը, պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան, նաև քշվեն Հայաստանից»:
Նազարյանը նշեց, որ քշվելու մասին օրենք չկա, սակայն ինքը կրկնում է վարչապետի ասածը. «Բնականաբար օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկելու մասին է խոսքը»: