Հասարակություն 

Արենիում կրակոցներ եղել են ապրիլ ամսից՝ դիրքերի տեղաշարժման ժամանակ

Սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, այս մասին ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Analitik.am-ն այս մասին զրուցեց Արենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Գևորգ Սիմոնյանի հետ։ Նա նշեց, որ այս տարի առաջին դեպքը չի, որ գյուղում կրակոցներ են եղել. «Կրակոցները եղել են ապրիլ ամսից՝ դիրքերի տեղաշարժման ժամանակ, բայց կրակոցներն եղել են դիրքերի միջև»:

Սիմոնյանի պնդմամբ՝ գյուղի ուղղությամբ դեռևս կրակոցներ չեն եղել․ «Կան սահմանամերձ հողատարածքներ, որոնք ավելի մոտ են սահմանին և վերջերս այդ խոտածածկ հատվածներից մեկում 2 անգամ հրդեհ է բռնկվել և ենթադրել ենք, որ դա հնարավոր է կրակոցների հետևանքով բռնկված լինի: Բայց դեռ ոչ մի բան պարզ չէ և հստակ չենք կարող ասել, որ դա կրակոցների հետևանքն է»:

Հարցին, թե նյութական վնասներ և տուժված քաղաքացիներ կան, Սիմոնյանն ասաց, որ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան, իսկ զինվորականների շրջանի մասով տեղեկություններ չունի:

Իսկ այն հարցին, թե բնակիչները հոգեբանական ինչ վիճակում են հիմա և արդյոք անհանգստանալու կարիք կա այս մասով, Սիմոնյանն ասաց, որ եթե սահմանում ես ապրում, բնականաբար անհանգստանալու կարիք կա․ «Արդեն 25 տարի է՝ նույն վիճակն է և միշտ էլ անհանգստանալու կարիք կա: Ժամանակին, երբ դիրքերը տեսանելի չէր, ավելի հանգիստ էինք, բայց հիմա երբ դիրքերը տեսանելի են, բնականաբար, ավելի անհանգիստ վիճակ է՝ հավելելով, որ ներկայումս կրակոցներ չեն եղել բնակչության ուղղությամբ․ «Ես որպես քաղաքացի, դիրքը տեսնելով հոգեբանական առումով անհանգստանում եմ, բայց չեմ կարող ասել, որ վախենում եմ, քանի որ դեռ ռեալ վտանգ և կրակոց չի եղել բնակչության ուղղությամբ»:

Սիմոնյանի խոսքերով, ամեն օր էլ դիրքից դիրք  կրակոցներ լինում են՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից, իսկ մնացած առումներով ամեն ինչ նորմալ է:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից