Քաղաքական 

Մենք ոչ մեկին չենք քշելու. Լույս դաշինքի դեմ հիմնականում պայքարում են անանուն օգտատերերը. Արտակ Զեյնալյան

Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքը, ընտրվելու դեպքում, պատրաստվում է հերթականությամբ լուծել բոլոր խնդիրները: Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտարարել է քաղաքական ուժի առաջին համար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է լուծել աղբահանության խնդիրը, ապա՝ տրանսպորտի և այդպես շարունակ:

Զեյնալյանը կարևորել է նաև աշխատատեղերի ստեղծման հարցը, պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն և ապրեն Հայաստանում՝ հավելելով, թե մարդիկ պետք է հասկանան, որ չկա ուրիշի խնդիր, բոլոր խնդիրները պետք է միասին լուծել, որպեսզի դրանք պակասեն, իսկ միջոցները շատանան:

Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ Լույս դաշինքի առաջին համարը հայտարարեց, որ այս ընտրությունները հնարավոր չէ համեմատել մյուս ընտրությունների հետ, քանի որ էական փոփոխություններ կան, միջավայրն անհամեմատ լավն է. «Կա նաև հակաքարոզչություն անանուն օգտատերերի կողմից: Սա նաև բնական է, կարելի է հասկանալ: Սակայն մենք որդեգրել ենք միայն պոզիտիվը: Ուզում ենք, որպեսզի բաժանումներ չլինեն: Մարդիկ կարող են ունենալ քաղաքական հայացքներ, սակայն դա չպետք է դառնա հակամարտության առարկա: Մարդիկ պետք է իրար նկատմամբ լինեն հարգալից, ունենան լավ հարաբերություններ: Մենք ոչ մեկին ոչ մի տեղից չենք քշելու: Երևանը բոլորի մայրաքաղաքն է»:

Նույն շարքից