ԲՀԿ-ն քարոզարշավն այսօր անց է կացնում Երևանի Ավան վարչական շրջանում: Այսօր կուսակցության քարոզարշավին են միացել նաև ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը և Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ԲՀԿ-ականները, ինչպես նախորդ բոլոր օրերին և ինչպես մյուս ուժերը, հանդիպում են քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին, խոստումներ տալիս և շարունակում ճանապարհը՝ չմոռանալով հիշել նաև Հանրապետականի մասին: ԲՀԿ ակտիվիստներից մեկն օրինակ, շենքերից մեկի վրա տեսնելով ՀՀԿ-ի դրոշը, հայտարարեց, որ պետք է այն անմիջապես հեռացնել: Ակտիվիստ խոսքերով, Հանրապետականը գաղջ է, որը պետք է այլևս չվերադառնա:
Նույն ակտիվիստը, ով բարձրախոսով հայտարարություններ է անում, ավելի ուշ հայտարարեց, որ ԲՀԿ-ն վարչապետի վերջին ընտրության ժամանակ կանգնել է ժողովրդի կողքին և Նիկոլ Փաշինյանին սարքել լեգիտիմ վարչապետ, իսկ Նաիրա Զոհրաբյանը Հանրապետականին տեղն է դրել:
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: