Ամպի չափ երևակայություն պետք է ունենալ մտածելու համար, որ Լույս դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ նրանց հետ բերելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
«Պարոն վարչապետ ջան, խնդիրն այն է, որ Դուք տեսակետ եք հայտնում՝ մեղադրելով բոլորին: Եթե ձայն չես հանում, ասում են, թե լռությունը համաձայնության նշան է, ձայն ես հանում, ասում են՝ ինչու եք ձեր վրա վերցնում: Հիմա ոնց անենք: Մենք էլ կարող ենք տեսակետներ հայտնել: Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, մեր ժողովուրդը սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, մեր ժողովուրդը հոգնել է իր հետ կռվելուց, հերիք է քշելուց, դիակներից խոսել, չկա նման բան: Այս ընտրարշավում չկա ուժ, ում դեմ պետք է պայքարել, այստեղ բոլոր ուժերը պայքարել են նախկինի դեմ, իսկ Հանրապետականը թեկնածու չի առաջադրել: Ինչ սևի ու սպիտակի խնդիր է: Նույն ԲՀԿ-ն իր 30 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, նույնը ՀՅԴ-ն, մենք եկանք քվեարկեցինք»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, թե պետք չէ, որ վարչապետը նեղացնի նրանց, ովքեր ճանապարհ են անցել իր հետ:
Սարգսյանի խոսքերով, եթե վարչապետը ցանկանում է միայն իր հետ քայլածներով իշխանություն ստեղծել, նրանց կարծիքը միայն լսել, ինքն ասելու բան չունի, սակայն վարչապետը պետք է մտածի, թե ինչպես է արտահերթ ընտրությունների գնալու։