Գլխավոր Հասարակություն 

Մարզպետն անօրինական որոշո՞ւմ է կայացրել. Եղեգնուտում խաթարվել է բնականոն կյանքը

analitik.am

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում անհականալի իրավիճակ է տիրում: Analitik.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը կայացրել է աննախադեպ որոշում, որով  Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Եղեգնուտում  ընտրությունների արդյունքում համայնքապետ դարձած Ռազմիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախ մարզպետը կանչել է իրեն և ասել, որ պետք է հրաժարական տա. «Ես ջղայնացած գրեցի հրաժարականի դիմում, հաջորդ օրը՝ ավագանու նիստի ժամանակ ներկայացրեցի , սակայն դիմումս ավագանու անդամները չընդունեցին, որից հետո ես հետ վերցրեցի հրաժարականիս դիմումը:

Այնուհետև Արմավիրի մարզպետը որոշում կայացրեց, որով համայնքի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատար նշանակեց: Ես դիմեցի վարչական դատարան, որն էլ վարույթ ընդունեց հայցը և  կասեցրեց մարզպետի որոշումը, մինչև վերջնական դատական ակտի կայացումը : Մարզպետի որոշումն այս պահին  կասեցված է, սակայն ես հիմա չեմ կարողանում գնալ աշխատանքի»:

 

Փաստացի, ստացվում է, որ Արմավիրի մարզպետը որոշում է կայացրել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել գործող համայնքապետի առկայության պայմաններում: Այս պահին Եղեգնուտ համայնքում որոշումներ է կայացնում և համայնքապետի լիազորություններն իրականացնում մի մարդ, ով չունի դրա իրավունքը, ինչը հիմնավորվում է նաև վարչական դատարանի կողմից կայացված որոշմամբ, որի համաձայն կասեցվել է մարզպետի որոշումը մինչև այն պահը, երբ վիճարկվող որոշման մասով դատական ակտ կկայացվի:

Եղեգնուտի համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը մեզ նաև հայտնեց, որ համայնքի 540 բնակիչներ գրավոր դիմումով դիմել են Արմավիրի մարզպետին, ՀՀ վարչապետին և ՀՀ Տարածքային կառավարման նախարարին. «Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ պետք է իրականացնենք, հիմա աշխատանքները կանգնել են, ես չեմ կարողանում գնալ աշխատանքի՝ չնայած որ դատարանի կողմից էլ կա որոշում, որ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին մարզպետի որոշումը պետք է կասեցվի: Չգիտենք, թե ում դիմենք, ո՞վ է այդ մարմինը, որ պետք է իրագործի դատարանի որոշումը, և ես կարողանամ  անցնել իմ աշխատանքին, համայնքն էլ՝ իր բնականոն կյանքին»:

Նշենք նաև, որ մարզպետը խախտել է նաև մեկ այլ օրենք՝  համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելով ոչ թե համայնքի ղեկավարի տեղակալին, այլ մեկ ուրիշ անձի:

Նույն շարքից