Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ կուսակցության հանրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Երեկ մենք խոսեցինք ճշմարտության մասին, իսկ այն շատ դեպքերում լինում է ծանր, և ես չէի կարող պատկերացնել, որ ճշմարտությանը կլինի այդպիսի արձագանք՝ արձագանք ամենացածր մակարդակով: Ինձ համար վիրավորական է, ինձ համար ցավալի է, բայց ես դրանից չեմ կոտրվել, որովհետև բոլորը գիտեն, որ ես կոտրվող տեսակ չեմ:
Ես չէի մտածում, որ պետական ողջ ինստիտուտները, իրենց գործերը թողած, սոցիալական ցանցերով, պետական ողջ ռեսուրսներով բարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Մենք միայն մի բան ենք ուզում՝ մի բաժանեք Երևանը սևերի և սպիտակների, ասյօր սևի-սպիտակի խնդիր չկա, այսօր հերոսի և դավաճանի խնդիր չկա, այսօր դուխովի և անդուխի խնդիր չկա:
Այսօր ինձ համար՝ որպես պատգամավոր, որպես քաղաքապետի թեկնածու կա ընդամենը ջրբաժան և այդ ջրբաժանն անցնում է Երևանի լուծված և չլուծված խնդիրների միջով: Ես արդեն 20 տարի պայքարում եմ, որ մեր երկրում չլինի քաղաքական ուժի մենաշնորհ: Այն, ինչ անում էր ՀՀՇ-ն, այն, ինչ արդեն 20 տարի անում էր ՀՀԿ-ն, երկիրը տարել են փակուղի, գցել են զարգագման իր ռելսերից, որովհետև եղել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, որովհետև եղել է«Մեր դեմը խաղ չկա» կարգախոսը, որովհետև ամեն ընտրության ժամանակ եղել է՝ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը կորցնում է ամեն ինչ բանաձևումը:
Մենք բոլորին հարգում ենք՝ անգամ նրանց, ովքեր այսօր պատերազմ են հայտարարել, հարգում ենք անգամ նրանց, ովքեր փորձում են մեր երկիրը բաժանել սևերի ու սպիտակների: Եթե դուք ընտրություն կատարեք ոչ թե սթափված, այլ առաջնորդվելով դուխով-դուխով կարգախոսով, իմացեք՝ դուխովն անցնելու է և հաստատ անցնելու է, որովհետև մենք այնպես դուխովներ ենք տեսել Հայաստանի քաղաքական պատկերի մեջ, որ դուք մնալու եք ձեր նույն խնդիրներին դեմ հանդիման և ասելու եք՝ բա ինչի՞ այդպես եղավ: Դուք հիմա ունեք եզակի հնարավորություն ճիշտ ընտրություն կատարելու համար, և ես ուզում եմ հավատալ, որ ոչ մի վարչական ռեսուրս չի կիրառելու իշխանությունը, իսկ եթե կիրառեց, իմացեք, որ դա ամենամեծ հարվածն է լինելու այն լուսավոր հեղափոխությանը, որը ժողովրդին տվեց հավատ»: