Քաղաքական 

Ովքեր կփորձեն այս երեխաների ապագայի նկատմամբ ոտնձգություն անել, նրանց պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի  շրջանակներում Ավան վարչական շրջանում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դժվարանում է ելույթ ունենալ. «Ես այսօր դժվարանալու եմ ելույթ ունենալ և ասեմ, թե ինչու և կարող է մի քիչ ծիծաղելի հնչի, բայց լավ չեմ իմանում Իմ Քայլի հավաքը որտեղ է, եթե իմանում եմ թաղամասը, բայց կոնկրետ տեղանքը չեմ իմանում, ինձ բերում են այստեղ և ասում՝ պետք է ելույթ ունենաս, տալիս են միկրոֆոնը։

Ճիշտն ասած, հոգիս տակնուվրա եղավ, երբ եկանք այստեղ, և դա առավել արտահայտվեց, երբ մի քաղաքացի տվեց ինձ մի բուկլետ՝  2017 -ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք անցնում էին կրպակների արանքով և անընդհատ հաց էին հյուրասիրում մեզ, էնտեղ կար հացի փուռ, թարմ հաց հյուրասիրեցին մեզ, էնտեղ կար սննդի կետ, հաց հյուրասիրեց մեզ, էնտեղ մի քաղաքացի հաց հյուրասիրեց մեզ, և դա իսկապես շատ խորհրդանշական և ինձ համար անմոռանալի պահ էր։

Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն մի պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով։ Մենք կովկասցի ժողովուրդ ենք, մենք հայ ենք, և հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք և ինձ թվում էր, որ ես այդպես զգում էի, որ այդ հացով ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ, և ես հիմա այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, որ այդ հացը հարամ չի արված և դուք հաղթել եք։

Եվ այդ ուխտը սրանով չի ավարտվել այդ ուխտը նոր փուլ է մտնում, այդ ուխտը գոյություն է ունենալու հավիտյան, որովհետև ՀՀ-ում գոյություն է ունենալու ժողովրդի առաջ խոնարհվող  իշխանություն, և սա այլընտրանք չունի։ Այսօր նորոգվում է և նոր թափ է ստանում, որովհետև խնդրում եմ նայեք ձեր շուրջը, տեսեք՝ այս հավաքի առնվազն կեսը՝ երեխաներ, 7-14 տարեկան երեխաներ, որոնք ընդհանրապես ընտրող չեն, որոնք ընդհանրապես ձայն չունեն ընտրություններում, բայց այս երեխաներն այս հանրապետությունում արել են հեղափոխություն, և այս երեխաները եկել են այստեղ, որ իրենք ասեն, որ իրենք որոշել են, որովհետև այսօր այսօրվա մասին չէ, այսօր մենք չենք խոսում այսօրվա մասին, այսօր մենք չենք որոշում այսօր, այսօրը նրանցն է ընտրությունը։

Եվ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում կամ աշխարհի որևէ ծայրում կասկածի տակ դնել այս երեխաների ապագան։Չի կարող որևէ մեկը որևէ մի երեխայի ապագայից գողանալ, ովքեր կփորձեն այս երեխաների ապագայի նկատմամբ ոտնձգություն անել, մենք նրանց ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք։ Գիտեք՝ երևի թե ամեն օր ՀՀ-ում քաղաքական օրակարգն այնքան լեցուն է ասելիքով, և ենթադրում եմ, որ այսօր ես մտածում էի, բազմաթիվ թեմաների կանդրադառնամ, բայց գիտեք՝  ես չեմ ուզում ասել որևէ բան ավելի, քան ասեցի, որովհետև ցանկացած շարունակություն գուցե թե կքողարկի քիչ առաջ ասվածի կարևորագույն և առանցքային իմաստը։

Ես ուզում եմ այսօր ուղիղ նայել գարնանային այն օրը մեզ հաց հյուրասիրած բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ՝ ոչ միայն Ավանում, այլ նաև ՀՀ-ի ողջ տարածքում, որովհետև մենք երկրի ամեն անկյունում հացով, արցունքով, պայքարով, սիրով, համերաշխությամբ ուխտ ենք կնքել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, և ես այսօր հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով, ասելով՝ մեր ուխտը դրժված չէ, մեր հացը, ձեր հացը հարամ չէ, հարամ արված չէ, ձեր հացի սրբությունը պահված է, և ձեր հացի սրբությունը պահվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը բաբախում է, և ես դա ձեզ չեմ խոստանում, ես դա ուղղակի ձեզ ասում եմ՝ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով, որովհետև քրիստոնեական մեր հավատքն ասում է՝ մի երդվիր, թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը՝ ոչ, մենք ապացուցեցինք իրար հետ, որ մեր այո-ն այո է, մեր ոչ-ը՝ ոչ, և մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, կեղծավորությանը, ստին և մենք այո ենք ասել քաղաքացուն, մենք այո ենք ասել այս սերնդին, մենք այո ենք ասել մեր սրբազան նահատակներին, նրանց գերեզմանների առաջ կանգնած ենք ասել, որ Հայաստանը լինելու է  ազատ, հզոր և երջանիկ։ Կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, Կեցցե Արցախի Հանրապետությունը, և կեցցենք մենք և մեր երեխաները»։

Նույն շարքից