Հասարակություն 

/Լուսանկարներ/ Նալբանդյանների $1 մլն-անոց բնակարանը Մոսկվայի էլիտար երկնաքերում

analitik.am

Մոսկվայի Կոտելնիչեսկայա նաբերեժնայա 1/15 հասցեով գտնվող բնակելի տունը նշանակալի հուշարձան է, մեծ պատմությամբ շինություն։ Այն մեկն է «ստալինյան» հայտնի 7 եկրնաքերերից, ունի մի քանի մասնաշենք, 700 բնակարան, 32 հարկ ու 176 մ բարձրություն։ Կառուցվելով 1937–1952 թվականներին, այն դարձավ սովետական կուսակցական ու մշակութային նոմենկլատուրայի, հետագայում՝ ՌԴ ժամանակակից բարձրաստիճան պաշտոնյաների և էստրադային աստղերի բնակատեղի։ Տարբեր ժամանակներ շենքում են ապրել պոետներ Ալեքսանդր Տվարդովսկին ու Եվգենի Եվտուշենկոն, բալետի պարուհի Նատալյա Ուլանովան, երգչուհի Լյուդմիլա Զիկինան, դերասաններ Նոնա Մորդյուկովան, Եֆիմ Շիֆրինն ու Դմիտրի Նագիևը։ Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու տվյալների համաձայն, շենքում 700 քմ մակերեսով բնակարան ունի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Շուվալովը։ Մենք փորձել ենք պարզել էլիտար այս շենքում բնակարաններից մեկի հետ Էդվարդ Նալբանդյանի հավանական առնչությունը։

Photo: OpenRussia

Բնակարանի առաջին հիշատակմանը հանդիպեցինք ՌԴ ավտոմեքենատերերի վերաբերյալ տվյալների բազաներից մեկում։ Էդվարդ Աղվանի Նալբանդյանի անունով էր գրանցված 1998 թ․ արտադրության ու նույն թվականին հաշվառված, К***ХН77 համարներով Ford Mondeo ավտոմեքենան։ Հենց այնտեղ է նշված Նալբանդյանի բնակարանի հասցեն՝ Կոտելնիչեսկայա նաբերեժնայա, 1/15 շենք, Ա կորպուս (մենք տիրապետում ենք նաև բնակարանի համարին, սակայն այստեղ և հետագայում չենք նշում այն՝ հարգելով Նալբանդյանների անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը)։ Մեկ այլ բազայից իմացանք, որ նույն հասցեով է գրանցված Նատալյա Լեոնիդի Նալբանդյանը։ Նրանց երկուսի հայրանուններն ու ծննդյան օրերը համընկնում են նախկին ԱԳ նախարարի ու իր տիկնոջ անձնական տվյալների հետ։

Սքրինշոթները՝ նշված բազաներից ու elections.am կայքից

Որոշելով ճշտել բնակարանի պատկանելիությունը, ստացանք տեղեկանք դրա սեփականատերերի վերաբերյալ ՌԴ Կադաստրի պետական կոմիտեից։ Պարզվեց, որ այնտեղ տարբեր ժամանակ մասնաբաժիններ են ունեցել 4 հոգի՝ Էդվարդ Աղվանի Նալբանդյանը, Նատալյա Լեոնիդի Նալբանդյանը, Գալինա Վասիլևնա Բոգդանովան և Միխայիլ Լեոնիդի Բոգդանովը։

Կադաստրի տրամադրած փաստաթղթերից․ սեփականատերերի փոփոխության պատմությունը

Միխայիլ Լեոնիդի Բոգդանովը կամ ՌԴ փոխարտգործնախարարն է կամ, հերթական ֆանտաստիկ համընկման դեպքում, նրա լիակատար անվանակիցը։ Փոխարտգործնախարար Բոգդանովը ՌԴ ԱԳՆ հնաբնակներից է, դիվանագիտական համակարգում է 1974 թվականից՝ համարյա 45 տարի։ 1977–1980 թվականներին աշխատել էԼիբանանում ԽՍՀՄ դեսպանատանը որպես ատաշե։ Ի դեպ, հենց այստեղ՝ 1978–1983 թվականներին, դիվանագիտական ծառայության էր նաև ՀՀ նախկին ԱԳ Էդվարդ Նալբանդյանը, մոտ 3 տարի Բոգդանովի հետ նույն դեսպանատանն աշխատելով։

Ա մասնաշենքը, որտեղ գտնվում է նշված բնակարանը։ ©Yandex

Բնակարանն ունի ընդհանուր 164,7 քառակուսի մետր տարածք։ Նրա կադաստրային (չշփոթել շուկայականի հետ) արժեքը կազմում է մոտ 68,8 մլն ռուբլի, ինչը, 2018 թ․ օգոստոսի միջին փոխարժեքով (66.07 ռուբլի $1 դիմաց), կազմում է ավելի քան $1,041 մլն։ 2012 թ․ դեկտեմբերին՝ երբ Նալբանդյաններն ու Բոգդանովները կատարել են բնակարանի հետ վերջին գործողությունները, ռուբլու միջին փոխարժեքն էր 30,07`$1 դիմաց, այսինքն բնակարանն ուներ մոտ $2,288 մլն կադաստրային արժեք։

Մանրամասն՝ medium.com

Նույն շարքից