Վերլուծական Քաղաքականություն 

Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան. Սթիվեն Բլանք

analitik.am

Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը.

«Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»:

Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում.

«Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը շարունակվում է, քանի որ ողջ հին վերնախավն իր կարողությունն ու դիրքը ստեղծել է ղարաբաղյան պատերազմի վրա: Ու քանի դեռ պատերազմը շարունակվի, նրանք մնալու են ազդեցիկ եւ խափանելու են ժողովրդավարության ցանկացած ընթացք, որով փորձում է շարժվել Փաշինյանը»:

Սակայն, Հայաստանն ինքնուրույն չի կարող պարտադրել Ադրբեջանին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանը դա չի ցանկանում իսկ Եվրոպան ի վիճակի չէ անել: Ուստի, Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի խաղաղության պահպանումը ղարաբաղյան հակամարտության շրջանում, մի բան, որ Վաշինգտոնը մինչ այժմ ակտիվորեն չի արել, նշում է Բլանքը.

«Միացյալ Նահանգները պետք է միջամտի եւ իրական միջնորդություն ապահովի, որը թույլ կտա կողմերին խաղաղության մեջ ապրել: Նրանցից չի պահանջվում սիրել միմյանց, պահանջվում է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, որը թույլ կտա երկու ժողովուրդներին զարգանալ եւ բարգավաճել»:

Սթիվեն Բլանքի խոսքով, եթե նա լիներ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն ապա խորհուրդ կտար Դոնալդ Թրամփին հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ եւ փոխանցել Միացյալ Նահանգների պատրաստակամություն աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆ Մանկոֆի կարծիքով, Մոսկվան այնուամենայնիվ ակնհայտորեն չի միջամտում Հայաստանի «թավշյա հեղափոխությանը»՝ փորձելով չկրկնել Վրաստանում եւ Ուկրաինայում գործած սխալները.

«Վերջին շրջանում սակայն, նկատվում է Ռուսաստանի առավել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ: Նրանք փորձում են հիշեցնել Հայաստանին դրա շուրջ աշխարհքաղաքական իրավիճակի եւ Ռուսաստանի դերի մասին»:

Հայաստանը, որի չորս հարեւաններից երկուսի հետ սահմանները փակ են, Ուկրաինա կամ Վրաստան չէ եւ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կլինի Հայաստանում, այն ստիպված կլինի հաշվի առնել աշխարհագրական իրավիճակը եւ չվատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, համոզված է փորձագետը:

Նույն շարքից