Քաղաքականություն 

Շվեդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեն հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

analitik.am

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ուղղված երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։

Նախարարի տեղակալը կարևորեց Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահիմնադրի մասնակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնեց Հայաստանում տարբեր ոլորտներին առնչվող կայուն զարգացմանը միտված գործընթացները սատարելու համար։

Դեսպանի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Տիդեստրյոմը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված փոխգործակցությունը և վստահեցրեց, որ հետևողական ջանքեր կգործադրի երկու երկրների փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների գործընթացին և քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Նույն շարքից