Հայաստան Քաղաքականություն 

Ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան. Արարատ Զուրաբյան

analitik.am

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավելի շատ նման է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, որովհետև բազմաթիվ թեկնածուների մոտ Երևան քաղաքը ստորադասվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում Երևանցիներ դաշինքի առաջին համար Արարատ Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 23-ին հենց Երևանի ավագանու ընտրություններ են:

Զուրաբյանի խոսքերով, ինչ-որ պահի քաղաքական ուժերը շեղվել են, ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան. «Սա հավանաբար այս ժամանակահատվածի յուրահատկությունն է: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները դուրս կգան քարոզարշավի այս հարթակից և կվերադառնան Երևան՝ անդրադառնալով նրան, թե ինչ է պետք Երևանին, ինչպես պետք է անել, որպեսզի մայրաքաղաքը լինի բոլորի ցանկությունները և երազանքներն արտահայտող քաղաք»:

Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց նաև, իր խոսքերով, մի շատ կարևոր բացի մասին, որը չի լրացվում: Խոսքը մասնավորապես բանավեճերի մասին է, որոնք չեն կայանում, իսկ այդ բանավեճերի ժամանակ հնարավոր կլիներ խոսել ուժերի ծրագրերի մասին, թե ով ինչպես է պատրաստվում կառավարել Երևանը, ինչն էլ իր հերթին կօգներ քաղաքացիներին ընտրություն կատարել:

Նույն շարքից