Հասարակություն 

ՀՀ վարչապետը Հայաստանի լրատվական դաշտը բաժանել է հեղափոխականների և հակահեղափոխականների. Սևակ Հակոբյան

analitik.am

Հայաստանում ազատ մտքի նկատմամբ կա ճնշում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն համատեղ խուզարկություն անցկացրեցին նշյալ լրատվամիջոցի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խուզարկոթյունից հետո առգրավվել են լրատվամիջոցի համակարգիչները, ինչը, գլխավոր խմբագրի խոսքերով, կաթվածահար է արել լրատվամիջոցի աշխատանքները:

Այսօր Սևակ Հակոբյանը հայտարարեց, որ խուզարկությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, ինչի մասին իրենք բարձրաձայնելու են համապատասխան մարմիններում, իսկ հարցին, թե պատրաստվում են արդյո՞ք հակընդեմ հայցով հանդես գալ, Հակոբյանը ասաց, որ մյուս կողմը շատ մեծ «որս» են կուլ տվել, որ մարսողական համակարգի խնդիրներ կունենան, սակայն ինքն այդ մասին կխոսի հետո:

Հակոբյանի խոսքերով, հիմա Հայաստանում այն լրատվամիջոցները, որոնք չեն հանդուրժում երկրում առկա մերժելի երևույթները, ճնշման են ենթարկվում. «Նրանք սկսեցին մեզանից: Մինչ այդ էլ վարչապետը մատ թափ տվեց լրատվամիջոցի վրա, հետո մենք եք, հետո սկսեց ֆեյքային գրոհը: Սրանով ուզում են բոլորի վրայով անցնել: Հայաստանում ես մեծ ճնշում եմ զգում ազատ խոսքի վրա»:

Հարցին, թե ինչու են հենց իրենց իրավապահներն ընտրել, եթե իրենց լրատվամիջոցի հետ մեկտեղ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը տարածել է նաև Հրապարակ թերթի էլեկտրոնային կայքը, Հակոբյանը նշեց, որ ՀՀ վարչապետը Հայաստանում հասարակությունը, լրատվական դաշտը, քաղաքական դաշտը բաժանել է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների. «Նրանք, ովքեր չեն գովերգում գործող համակարգը, արհեստական սևերի և հակահեղափոխականների մեջ են հայտնվում: Հիմա ինձ թվում է, որ մենք այդ հակահեղափոխականների մեջ ենք»:

Սևակ Հակոբյանը նաև հայտնեց, որ խուզարկությունից առաջ իրենց կայքը հաքերային հարձակումների է ենթարկվել:

Նույն շարքից