Հասարակություն 

Եղել են սպառնալիքներ, հատկապես՝ սիրո և հանդուրժողականության մթնոլորտի հաստատումից հետո. «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե մինչ սեպտեմբերի 17-ը տեղի ունեցած խուզարկությունն իրենց լրատվամիջոցի գործերին միջամտելու կամ աշխատանքները վերահսկելու փորձեր եղել են արդյո՞ք, հայտարարեց, որ մինչ այս տարբեր նամակներ է ստացել, ֆեյսբուքյան սպառնալիքներ են եղել, եղել են հարձակումներ անդեմ մարդկանց հարձակումների տեսքով և դա հատկապես եղել է սիրո և հանդուրժողականության մթնոլորտի հաստատումից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն համատեղ խուզարկություն անցկացրեցին նշյալ լրատվամիջոցի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խուզարկոթյունից հետո առգրավվել են լրատվամիջոցի համակարգիչները, ինչը, գլխավոր խմբագրի խոսքերով, կաթվածահար է արել լրատվամիջոցի աշխատանքները:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք լրատվամիջոցներում խուզարկությունները կշարունակվեն, թե՝ ոչ, թե իրենց մոտ տեղի ունեցածով սահմանափակում կլինի, Հակոբյանը նշեց, թե չի ուզում իր գործընկերների վրա քսի տալ, բայց ենթադրում է, որ բարձրացրած աղմուկը կխանգարի նոր դեպքերին:

Հակոբյանը խոսեց նաև այն խոսակցությունների մասին, թե կայքը կապ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հայտարարելով, թե տարբեր տարիներին իրենց կապել են նաև Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի հետ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, լրատվամիջոցի սեփականատերը և տնօրենը Վարդան Հովնանյանն է:

Նույն շարքից