Հասարակություն 

Խստացնել հսկողությունը Երևանում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ

analitik.am

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ ամբողջությամբ ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված թեքահարթակների կառուցման աշխատանքները: Նախատեսված 176-ի փոխարեն կառուցվել է 181-ը: Զեկուցվել է նաև Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին:

Մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման, բակային տարածքների բարեկարգման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների, ինչպես նաև վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքների մասով զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցով: Հանձնարարվել է աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում՝ հետևողական լինելով որակի պահպանման հարցում:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տարվում են կանաչապատման, ծաղկապատման, ընթացիկ բարեկարգման աշխատանքներ: Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրության կենտրոնում պահել վերանշյալ տարածքների ոռոգման և խնամքի աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

«Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 381 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 346-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 123 հեռախոսազանգ, որոնցից 92-ին լուծում է տրվել, իսկ 31-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը՝ բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Կամո Արեյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել հսկողությունը շինբարեկարգման ոլորտում իրականացվող ծրագրերի ժամկետների և որակի ուղղությամբ՝ ապահովելով դրանց շարունակականությունը և որևէ շտապողականություն չդրսևորել որակի հաշվին:

Հանձնարարվել է նաև ՀՀ Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ աշխատանքներ տանել նախատեսված տոնական միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից