Գլխավոր Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ թատերականում

analitik.am

Թատերական ինստիտուտում այսօր առավոտից մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները պահանջում են բուհի ղեկավար կազմի հրաժարականը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բուհում կատարած բացահայտումների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ։ Այս ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական բացահայտումն արձանագրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։

Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների նախապատրաստած նյութերով պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։

Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։

Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։

Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,150,000 դրամ։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից