Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և բուհի վարչական կազմի հրաժարականը։
Նշենք, որ օրերս Ոստիկանությունը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտումներ կատարեց ինստիտուտում։
Ոստիկանությունը պարզել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։
Ըստ Դ․Մուրադյանի, այժմ բուհի բակում ուսանողների թիվը կազմում է մոտ 40 , իսկ բուհում սովորում են 800 ուսանող․ «Երեկ եմ ընդունել ուսանողներին, զրուցել եմ նրանց հետ: Հավանաբար ձեզ հայտնի է Ոստիկանության հաղորդագրությունը, այնտեղ գրված է, որ քննությունը դեռ շարունակվում է, հետևաբար մենք պետք է սպասենք քննության ավարտին, ստանանք վերջնական եզրակացություններն ու գնահատականներն, և ըստ այդմ, իքներս էլ եզրակացություն անենք»։
Հարցին, թե բուհում պրոռեկտորների կողմից եղել են արդյո՞ք գումարների լվացում, չարաշահումներ, ռեկտոր Մուրադյանն ասաց, որ խնդիրներ եղել են․ «Խնդիրներ եղել են։ Մենք աջակցել ենք ոստիկանության գործողություններին, որովհետև մեզ համար ևս կարևոր է իմանալ մեր բացթողումները։ Մենք տվել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու բացատրությունները»։
Մուրադյանը նշեց նաև, որ ոստիկանության հաղորդագրությունից հետո պրոռեկտորներից մեկը՝ Հովհաննես Ավագյանը, արդեն հրաժարական է ներկայացրել։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա տեղյակ է եղել բուհում կատարված խախտումների մասին, պատասխանեց․ «Քանի դեռ քննություն է ընթանում, ես չգիտեմ իրավունք ունեմ բոլոր այդ թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ անել, երբ արդեն քննությունը վերջանա և վերջնական եզրակացություն ստանա, այն ժամանակ էլ գնահատական կտանք»։
Դիտարկմանը, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ գումարները, որոնք տրամադրվել են բուհին, բուհի կարիքների համար, ուսանողների համար, վարորդի համար, ծախսվել են այլ նպատակների, Մուրադյանն ասաց․ «Այդ մեքենան, որը վարձակալված է բուհի համար, որը սպասարկում է բուհին, բուհի կարիքները, այդ վարորդը աշխատավարձ չպե՞տք է ստանա»։