Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ՝ Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի ասուլիսը, որի ընթացքում Հայկ Նահապետյանը մեկնաբանեց իրենց դեմ կասկածների և գործ հարուցելու, իր տեսակետը:
«Մենք կարող ենք արձանագրել, որ դա կապված է մեր հասարակական գործունեության հետ, ինչու չէ նաև մեր քաղաքական այլ ընկալումների, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք և շուրջ 5 տարի հասարակական դաշտում ակտիվ գործունեություն ենք ծավալում: Տեսականորեն չենք բացառում, որ դա խոչընդոտ է այն մտքերի, այն գաղափարների դեմ, որը մենք դավանում և տարածում ենք, հակառակ դեպքում կարելի է ասել, որ սա կոնկրետ մեր կտրվածքով խայտառակ ձախողում է քննչական մարմինների կողմից: Կարող եմ ասել նաև, որ ունենալով այն կարևոր տեղեկությունը, ըստ որի պաշտոնյա մարդիկ կարող են մարդկանց մի 2 օրով փակել, հոգեբանական և ֆիզիկական ազդեցությունների միջոցով կորզել ցուցմունքը, որն իրենց պետք է, սակայն չեն մտածել, որ մեր դեպքում նման բան լինել չի կարող, որովհետև մենք շատ վճռական ենք և գիտենք ինչ ենք անում»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Նահապետյանի պնդմամբ, եթե անգամ փորձ արվի իրենց նկատմամբ ինչ-որ բան սարքելու, ոչինչ չի ստացվի. «Մենք այս գործի մասով մտավախություն չունենք, որովհետև այդ տեխնիկական սարքավորումներին մենք չենք տիրապետում և դրանց հետ որևիցե առնչություն չունենք»:
«ՀՀ-ում Բաց Հասրակություն հիմնադրամի վնասակար գործունեության հետ կապված մի շարք բացահայտումներ ենք արել: Այն հասարակական կազմակերպություններն, որոնք ֆինանսավորվում են այդ կառույցից, այն պաշտոնատար անձիք, ընդ որում փոխնախարարներ, որոնք նախորդ և ներկա իշխանության կազմում են։ Մենք բացահայտումներ արել ենք, ցույց ենք տվել նաև թե ինչ նպատակներով են իրենք այդ հիմնադրամի կողմից ֆինանսավորվում:
Սորոսի հիմնադրամը ցանկացած երկրում իր ցանցը ստեղծելուց մեկ խնդիր ունի՝ տվյալ երկրում իր ձեռքը վերցնել կարավարման ամբողջ լծակները, հասարակական սեկտորի հետ միասին:
Այդ նույն հիմնադրամն է, որ ՀՀ կառավարության համար, ՀՀ նախկին և ներկա կառավարության համար որոշում հայեցակարգերը և ստրատեգիան և ամբողջ ռազմավարությունը բոլոր ճյուղերի համար, տրվում է այդ հիմնադրամի կողմից:
Մենք չենք բացառում, որ մեր այս կեցվածքը լցրել է այն կազմակերպությունների ու անհատների, միգուցե նաև այն պետությունների համբերության բաժակը, որ մենք քարոզչական դաշտում իրականացնում ենք բացահայտումներ:
Ես և Հայկ Այվազյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ եթե այս մասով մեր նկատմամբ լինեն որոշակի հետապնդումներ և եթե այս ընթացքում մեզ տրվի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, դա միանշանակ կապված է մեր հասարակական գործունեության և մեր քաղաքական հայացքների հետ»,-իր խոսքն եզրափակեց Նահապետյանը:
Օֆելի Իսրայելյան