Անհատ տաքսիստներին հարկային պարտավորություններից ազատելը չի բերի տաքսի ծառայության սակագների նվազման: Այս կարծիքին է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից: Այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը:
Փաշինյանի խոսքով, նախաձեռնությունը կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:
«Որոշումը դրական կլինի այնքանով, որ անհատ տաքսիստները հարկային պարտավորություններ չեն ունենա, պարբերաբար չեն ենթարկվի տույժ ու տուգանքների: Սակայն մինչ այս էլ անհատ տաքսիստների մեծ մասը հաշվառված չէր ու չէր էլ վճարում այդ հարկերը, այդ պատճառով էլ, չեմ կարծում, որ սակագնի վրա ազդեցություն կունենա: Այսինքն՝ հարկեր չվճարելը չի հանգեցնի եկամտի աճին, քանի որ մեծ մասը այդ հարկերը մինչ այս էլ չի վճարել:
Բացի այդ, շուկայում ոչ միայն անհատներն են տաքսի ծառայություն մատուցում, իսկ մյուսների մասով հարկային արտոնություն չի նախատեսվում: Գուցե որոշակի փոփոխություն լինի, եթե նվազի գազի գինը», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քեյանը:
Մանրամասն՝ a1plus.am