Ապրիլի 23-ին, 24-ին «Արմենիա» հեռուստաընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ ամբողջովին փոխելով եթերացանկը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները «Արմենիա» հեռուստաընկերությունը կցուցադրի ուղիղ միացումներով՝ միաժամանակ եթեր հեռարձակելով բացառիկ իրավունքով ձեռք բերված ֆիլմեր։
Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի պրեմիերան հայ հեռուստադիտողը հնարավորություն կստանա դիտելու «Արմենիա» Հ/Ը-ի եթերում ապրիլի 23-ին՝ ժամը 22։30-ին։ Մեծ աղմուկ հանած ֆիլմը դիտելու ևս մեկ հնարավորություն կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 16։45-ին։
Ապրիլի 23-ին հեռուստաընկերության եթերը կսկսվի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմով։ Երկու օրերի ընթացքում «Ժամը» լրատվականը կաշխատի ուղիղ միացումներով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։
Ժամը 11։15-ին կցուցադրվի «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը՝ առաջին և երկրորդ մասերով։ Ժամը 13։00-ին ուղիղ միացմամբ կհեռարձակվի «Ընդդեմ ցեղասպանության» միջազգային ֆորումի փակումը։
15։00-ին եթերում կլինի «Վանա ծովի արշալույսը» գեղարվեստական ֆիլմը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանն ուղիղ միացմամբ հեռուստադիտողները կարող են հետևել ժամը 17։00-ից։
Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում սպասվող աշխարհահռչակ «System of a Down» (SOAD) ռոք խմբի համերգը, որն անցնում է «Արթնացրեք հոգիները» խորագրով՝ Արմենիա հեռուստաընկերությունը կցուցադրի ուղիղ միացմամբ՝ ժամը 20։00-ին։
Ապրիլի 24-ին Արմենիա հեռուստաընկերությունը 14։00-ին հեռուստադիտողին կներկայացնի Փարիզում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողության 100 տարի» ֆիլհարմոնիկ մեծ համերգը, որն անց է կացվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո։
15։30-ին կցուցադրվի «Հայոց Ցեղասպանություն 100 տարի անց» վավերագրական ֆիլմը։
19։00-ին հեռուստաընկերությունը կմիանա 19:00-ին նախատեսված համահայկական լռության րոպեին, որին կնախորդեն Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի գուժկանների 100 հարվածները, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 100 տարին։
20։15-ին հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կսկսի Հանրապետության հրապարակից, որտեղ տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ։
22։00-ին «Ժամը» լրատվականի տաղավարից ուղիղ միացում կլինի նաև արդեն իսկ մեկնարկած ջահերով երթը։
0։23-ին «Արմենիա» Հ/Ը-ը բացառիկ իրավունքով կցուցադրի «Արարատ» գեղարվեստական ֆիլմը։