Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Իմ Քայլը» դաշինքի հանարահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի ժամանակ վարչապետը խոսեց Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի մասին՝ նշելով, որ ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը․ «Սա առաջին ընտրություններն են, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս են՝ այսինքն այս ընտրությունների արդյունքների վրա չկա ոչ մի կուլիսային դավադարություն, ոչ մի կուլիսային կանխորոշվածություն, և ուզում եմ ասել, որ սա թերևս առաջին դեպքն է, որ չի բանակցվում, թե ոնց կիսենք քաղաքական դաշտը, որովհետև մենք ասում ենք՝ ո՞վ ենք մենք, որ ժողովրդի թիկունքում բանակցենք։
Սա է այս ընտրությունների քարոզարշավի կարևոր առանձնահատկությունը, երբ որ բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են ամեն ընտրողի ձայնի համար, այդ թվում և կառավարությունը, որովհետև մենք՝ այս թիմը՝ «Իմ քայլը» դաշինքը, որին ես պաշտպանում եմ, այս ընտրություներում հույսը չենք դնում, որ ոստիկանության միջոցով էս ինչ կրիմինալին կբռնենք, կտանենք, կփակենք՝ գնացեք ձեր թաղում էսքան ձեն ապահովեք, հետո բաց կթողնենք կամ կգնանք այս ինչի գլխին կկանգնենք, կամ կգնանք էսինչի վրա ակտ կգրենք, կամ կգնանք էս ինչ տեղն ընտրակաշառք կբաժանենք։
Կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժը, կառավարության հետ առնչվող կամ կառավարության հետ աջակցությունը վայելող քաղաքական ուժը նույնպես մյուս ուժերի հետ պայքարում է ձեզնից յուրաքանչյուրի վստահության ամեն ձայնի համար։
Այսպիսի քարոզարշավ, երբ որ ընտրակաշառք բաժանողները, կներեք, այս բառիս համար՝ ընտրական տասովշիկները, ընտրակեղծարարները և, ըստ էության, ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից։ Սա բացառիկ երևույթ է երրորդ հանրապետության պատմության մեջ, սա այն դեպքն է, որ դուք եք որոշում կայացնողը։
Եվ այստեղից էլ գալիս է քարոզարշավի սրությունը, բովանդակությունը, որովհետև սա առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում՝ այսինքն բոլորը գիտեն, որ ինչ-որ տեղ թղթի վրա ընտրությունների արդյունքները գրված չի, չկա այդպիսի բան, չկա, որ երկրի ղեկավարն ասում է՝ դու կլինես ընդդիմություն, հետո կասես սենց, կգնաս ինձ կքննադատես, հետո ես կասեմ սենց, դու կասես՝ սենց։ Ուրախ եմ, որ դուք համոզվեցիք, որ առնվազն մեկ ընդդիմադիր ուժ կար, և այդ ընդիմադիր ուժի հետ դուք հաղթեցիք։
Շատերն ասում են՝ էս ի՞նչ ընտրություներ են, բա ի՞նչ եղավ սերն ու համերաշխությունը, չհասկացանք, մարդկանց թվում է, թե սիրո և համերաշխության միջավայրում քաղաքական ընտրությունների ժամանակ զիլինա են պարում, ձեռ-ձեռի բռնած շուրջպար են բռնո՞ւմ։ Սա նորմալ քաղաքական պայքար է, և այդ պայքարում բոլոր քաղաքական ուժերն ունեն հավասար հնարավորություններ։ Քարոզարշավն ազատ է, սահմանափակում չկա, քաղաքացիների իրավունքները չեն սահմանափակվում, չեն սահմանափակվում քաղաքական ուժերի իրավունքները»։