Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ կուսակցության առաջին համար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի հետ բացառապես ուղիղ եթերով՝ առանց տեսաձայնագրության․ «Հիշում ե՞ք, երբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ես բանավեճի հրավիրեցի Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին։ Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց, մեր դեմ խաղ չկա, Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց, մենք սև ենք, մյուսներդ սպիտակ եք։ Իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ունեմ բացառապես և միայն Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ»։
Ըստ Զոհրաբյանի բանավեճը պետք է լինի միայն ուղիղ եթերով, իսկ տեսաձայնագրությամբ բանավեճն ըստ ԲՀԿ-ական թեկնածուի վիրավորանք է բոլոր թեկնածուների հասցեին․ «Տեսաձայնագրմամբ բանավեճը ես համարում եմ վիրավորանք և քանի որ ես երբևէ որևէ բանավեճից չեմ խուսափել, նորից դիմում եմ Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածուին՝ պատրաստ եմ ընդունել բանավեճի ձեր օրակարգը»,-ասաց նա։
«Ուզեք քաղաքական, կուզեք արտաքին քաղաքական, կուզեք տնտեսական, կուզեք բացառապես երևանյան հիմնախնդիրների վերաբերյալ, ավելի եմ հեշտացնում խնդիրը, կուզեք այն խնդիրների վերաբերյալ, որոնք որ դուք համարում եք ձեր համար կոմֆորտ։ Եթե դուք գտնում եք, որ այն ինչ ներկայացնում եք հանրությանը՝ ազիզյաններ, սուպեր մամաներ, դա արվեստ և մշակույթ է, ես որպես մասնագիտությամբ արդեն կինոգետ պատրաստ եմ բացառապես այդ հարթակում բանավիճել ձեզ հետ, բայց միայն և բացառապես ձեզ հետ, միայն և բացառապես ուղիղ եթերով։ Ընտրում եք դուք, այնպես որ մի տարածեք ապատեղեկատվություն ձեր ֆեյսբուքյան հրոսակներով։ Նաիրա Զոհրաբյանը որևէ բանավեճից չի հրաժարվում, Նաիրա Զոհրաբյանն ունի արժանապատվություն տեսաձայնագրությամբ բանավեճերին չմասնակցելու։ Երկու օր ժամանակ ունեք տնտեսագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով պատրաստվելու բանավեճին»։