Հասարակություն 

Գոյություն ունեն օրենքներ, որոնք պարզապես թղթի վրա գրված սիրուն բառեր են․ Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքները» խորագրով համաժողովին, որն անցկացվում էր «Փյունիկ» և «ACCESS» կազմակերպությունների համատեղ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիտորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում։

«Մենք ցավոք հաճախ ունենք իրավիճակ, երբ գոյություն ունեն օրենքներ, որոնք պարզապես թղթի վրա գրված սիրուն բառեր են, սակայն չկան մեխանիզմներ  դրանց կիրարկումն ապահովելու համար, չկա նաև գերատեսչությունների համապատասխան վերաբերմունք դրանք կյանքի կոչելու համար։ Լիահույս եմ, որ այս ծրագրի արդյունքները կօգնեն ևս մեկ քայլ անելու դեպի այն հասարակությունը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքները լրացուցիչ պաշտպանության կարիք չեն ունենա»,- իր ելույթում նշեց նախարար Մանե Թանդիլյանը։

Միջոցառմանը բացման պաշտոնական հատվածին մասնակցում էին նաև Եվրախորհրդի Մարդու իրավունքների հնձնակատար Դունյա Միյատովիչը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. Պյոտր Էնտոնի Սվիտալսկին, «ACCESS» կազմակերպության համահիմնադիրներ Անտոնինա Վիխրեստը և Եվգենիա Գիակումոպուլուն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ իմ առանձնահատուկ վերաբերմունքը ցույց է տալիս մի կողմից Եվրոպական բազմաթիվ երկրներում այդ խնդրի առկայությունը, մյուս կողմից իմ և իմ աշխատակազմի անձնական հետաքրքրությունը ոլորտային խնդիրներով։ Այն նաև արտացոլում է իմ որոշումը՝ դարձնել այս հարցը աշխատանքային գերակայություններից մեկն իմ պաշտոնավարման ընթացքում։ Այս համաժողովը մի կողմից ծրագրի փակում է, մյուս կողմից՝ քննարկումների նոր սկիզբ ինչպես հանրության, այնպես էլ ոլորտում աշխատող կառույցների համար»,- իր խոսքում նշեց Եվրախորհրդի Մարդու իրավունքների հնձնակատար Դունյա Միյատովիչը։

Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը ՀՀ-ում: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է տասը շաբաթ տևողությամբ առցանց դասընթաց հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար։ Հատուկ հասարակական կազմակերպությունների համար մշակված իր թեմայով եզակի դասընթացի նյութերը, որոնց հիմքում ընկած են Եվրախորհրդի մարդու իրավունքների չափանիշները, նախապատրաստվել են միջազգային և տեղական փորձագետների կողմից:

Ծրագրում ակտիվորեն ներգրավված են եղել շուրջ 45 հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ:

Ծրագրի շրջանակում տեղական հասարակական կազմակերպությունները ստացել են գործնական հմտություններ երկու այլընտրանքային հաշվետվություններ պատրաստելու համար: Հաշվետվությունները կվերհանեն Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ոլորտում առկա ձեռքբերումներն ու թերացումները, որոնք կներկայացվեն Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին և ԵԽ՝ Մարդու իրավունքների հանձնակատարին:

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    106
    Shares

Related Articles