Քաղաքականություն 

Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և Չինաստանի ղեկավարը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:

***

Նիկոլ Փաշինյանին ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:
Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում է ապրել: Երկկողմ բարձր մակարդակի սերտ շփումները և քաղաքական փոխվստահությունն անընդհատ ամրապնդվում են, համագործակցությունը զանազան ոլորտներում՝ խորանում՝ իրական նպաստ բերելով մեր ժողովուրդների կյանքում: Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով:
Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն հաջողություն»:

Նույն շարքից