Առողջապահություն Հասարակություն Հարցազրույց 

Երեխայի հետ տանից սնունդ դնելը խնդրի լուծում չէ․ Դավիթ Պիպոյան

Analitik.am-ն արագ սննդի վտանգների մասին զրուցեց սննդաբան Դավիթ Պիպոյանի հետ:

Պարոն Պիպոյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ դպրոցամերձ և բուհական տարածքներում շարունակում են  գործել արագ սննդի կետերն ու վաճառել ֆասթ ֆուդ:

Առողջարար սննդակարգն արդի սոցիալական մարտահրավերներից է, քանի որ սննդակարգն ունի կարևոր նշանակություն, մասնավորապես, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։ Ցավոք, ՀՀ-ում դպրոցական ու բարձրագույն կրթական համակարգի ենթակառուցվածքները թույլ չեն տալիս օրվա ընթացքում պահպանել ճիշտ սնուցման կանոնները:

Երեխայի հետ տանից սնունդ դնելը խնդրի լուծում չէ: Մենք դպրոցներում չունենք ճաշարան, գոնե տարրական դասարանների երեխաների համար սննդակարգը պետք է կազմվի մասնագետների կողմից: Այդ տարիքից պետք է երեխայի գիտակցության մեջ մտցվի, թե որն է առողջարար սնուցումը, թե ինչպիսի սննդատարրերից պետք է բաղկացած լինի  սննդակարգը, թե ինչ դեր ունեն սպիտակուցները, ածխաջրերը, վիտամիները: Օրինակ բերեմ առաջադեմ երկրների փորձը, որտեղ կրթական հաստատությունների մենյուն կազմվում է որակավորում ունեցող մասնագետի կողմից, ապա ուղարկվում է պետական լիազոր մարմնին, որն ուսումնասիրությունից ու անհրաժեշտ ուղղումներից հետո նոր հաստատում է սննդակարգը:

Անվտանգ սնունդն ու առողջ սնուցումը բացարձակ տարբեր բաներ են: Օրինակ՝ բուլկին անվտանգ է, բայց դպրոցում բուլկի (այն պարունակում է  ածխաջրեր) ուտելով, երեխան չի ստանում իրեն անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, վիտամիները, այսինքն միակողմանի և չհավասարակշռված սնուցումը, որքան էլ անվտանգ մթերքներից բաղկացած լինի, չի կարող կոչվել առողջ:

Գաղտնիք չէ, որ արագ սննդի կետերում հաճախ կասկածելի կիսաֆաբրիկատներ են օգտագործվում, իսկ հիգիենայի պայմանները, մեղմ ասած, հույս չեն ներշնչում: Ըստ ձեզ, կարելի՞ է սա համարել առողջության համար  վտանգ հանդիսացող գերխնդիր:

Արագ սննդի կետերը գերխնդիր չէի համարի ոչ թե նրա համար որ ռիսկ չկա, այլ կա վերջիններից չօգտվելու այլընտրանք։ Այս առումով ավելի կարևոր է, որ պետությունը մշակի այնպիսի քաղաքականություն, որ վերջիններս դառնան անմրցունակ:

Տարիքային ո ՞ր խմբի համար է դա ավելի մեծ վտանգ հանդիսանում:

Ինչ վերաբերում է տարիքին, իհարկե դա ավելի կարևոր է ձևավորվող օրգանիզմի համար, դրա համար երեխաների սննդակարգում սահմանափակվում են տրանս ճարպերը։

Ֆասթ ֆուդը մեծ քանակությամբ տրանս ճարպեր է պարունակում որոնք կարող են ճարպակալման, ինչպես նաև շաքարային դիաբետի առաջացման պատճառ հանդիսանալ:

Ինչպե՞ս կարելի է խուսափել փողոցային ուտելիքների վտանգից և ի՞նչ քայեր պետք է ձեռնարկել այդ խնդիրը կանխելու համար:

Իսկ թե ինչպես խուսափել արագ սննդի վտանգներից, կասեմ միայն, որ պարզապես չօգտվել՝ ոչ ոք չի ստիպում:

Օֆելի Իսրայելյան

 

  • 89
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    93
    Shares

Related Articles