Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Իրանն ակտիվորեն պայքարում է ահաբեկչության դեմ.Ահարոն Վարդանյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

Analitik.am-ը զրուցեց իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:

Պարոն Վարդանյան,Իրանում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհեր ու վիրավորներ կան: Որքանո՞վ է հնարավոր, որ հարևան ու բարեկամ Իրանում իրավիճակը կապակայունանա:

Այո, նախ ցավակցում եմ և զորակցությունս եմ հայտնում հարևան և բարեկամ երկրի ժողովրդին։ Չեմ կարծում, թե այս ահաբեկչական գործողությամբ  իրավիճակը կապակայունանա Իրանում։ Իրանն այն երկիրը չէ, որ նմանատիպ մի գործողությամբ իրավիճակն ապակայունանա։ Անցած տարի  Թեհրանում տեղի ունեցավ էլ ավելի մեծ թափով ահաբեկչություն, բայց այդպես էլ իրավիճակը չապակայունացավ։

Ըստ ձեզ, ի՞նչն է շարունակական ահաբեկչությունների պատճառը և ինչպե՞ս կարելի է կանխել այդ խնդիրը:

Իրանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ ահաբեկչությունները և ահաբեկչական գործողությունները տեղի են ունենում ժամ առ ժամ։ Այդ ահաբեկչական գործողությունների արդյունքում Մերձավոր Արևելքում նույնիսկ տարբեր պետություններ են քանդվել և մասնատվել, իսկ ներկայումս էլ Սիրիան դեռ տառապում է այդ «ախտի»  ճիրաններում։ Այնինչ Իրանը, կարծեք թե, խուսափել է դրանից և ակտիվորեն պայքարում է ահաբեկչության դեմ։ Այս համատեքստում բավական է հիշել միայն Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, որին վստահաբար կարելի է համարել ահաբեկչության դեմ պայքարի ռահվիրա։ Հետևաբար գտնվելով այսպիսի տարածաշրջանում ու ակտիվորեն պայքարելով տարբեր տիպի ահաբեկչական խմբավորումների դեմ՝ Իրանը  պետք է հետաքրքրեր և ահաբեկիչների համար դառնար թիրախ։ Իսկ եթե հաշվի առնենք Իրանի տարածքի մեծությունը, աշխարհագրական սահմանները, հարևան երկրները, ապա կարող ենք ասել, որ նմանատիպ ահաբեկչական գործողություններն, ամենևին էլ շարունակական բնույթ չեն կրում , այլ ընդհակառակը, քանի որ բազմաթիվ եվրոպական պետություններ, նույնիսկ Ամերիկան, Ռուսաստանը, որոնք հեռու են Մերձավոր Արևելքից, ավելի հաճախ են ենթարկվում ահաբեկչական հարձակումներից, ինչն իհարկե, ինքնին շատ վատ է։

Կարծում եմ՝ այս ահաբեկչության ժամանակաշրջանը կազմակերպիչների կողմից բավականին գրագետ է ընտրված, քանի որ ներկայումս Իրանում կա բավականին մեծ  սոցիալ-տնտեսական դժգոհություն՝ կապված  երկրի դրամական միավորի արժեզրկման, դրանից բխող թանկացումների և ամերիկյան նոր պատժամիջոցների հետ։ Կազմակերպիչները, հավանաբար, կփորձեն այս սոցիալ-տնտեսական դժգոհության, այսպես ասած, ալիքի վրա էլ աշխատել։

Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ ահաբեկչության մեթոդն ընտրված է կոնկրետ նպատակին ծառայելու կամ գուցե հասնելու համար, և եթե այո, ապա ինչքանո՞վ կարելի է դա համարել հաջողված:

Ըստ իս, ոչինչ ինքնանպատակ չի արվում, առավել ևս ահաբեկչությունները, առավել ևս Իրանի պարագայում, առավել ևս այն օրը, երբ Իրանը նշում է Իրան-Իրաքյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «Սրբազան պաշտպանության» շաբաթը։ Վայրն էլ է խորհրդանշական՝ Ահվազ քաղաքը, որտեղ բնակչության մեծամասնությունը արաբներ են, իսկ «Սրբազան պաշտպանությունը» կազմակերպվել էր հենց արաբների դեմ։ Այս փուլում դժվար կլինի ասել ինչ-որ բան հաջողվել է, թե՞ ոչ, դա կերևա հընթացս։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ  Զարիֆը կատարվածի մեջ մեղադրել է ահաբեկիչության տարածաշրջանային հովանավորներին և ամերիկացի ինստրուկտորներին: Ըստ ձեզ, ի՞նչ հիմքեր ունի Մ. Ջ. Զարիֆը, որի հետևանքով կարող է մեղադրանք առաջադրել:

Իրանական կողմը, և ոչ միայն, բազմիցս նշել են, որ ձեր նշած տարածաշրջանային երկրները, լինելով նավթային գերտերություններ և տիրապետելով ահռելի ֆինանսական հոսքերի, մշտապես հովանավորել են զանազան ահաբեկչական խմբավորումների՝ դրանով փորձելով լուծել այլ և այլ հարցեր, ուստի այս տեսանկյունից Մ. Ջ. Զարիֆի հայտարարությունը և մեղադրանքները նորություն չեն և սպասելի էին։ Բացի այդ, նաև հաշվի առնելով վերջին շրջանում ամերիկա-իրանական լարված հարաբերությունները և Իսլամական Հեղափոխության 40-ամյակին ընդառաջ  Իրանում վարչակարգի փոփոխությանն՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կոչերը և սպառնալիքներն, ապա ԻԻՀ ԱԳՆ գեարատեսչության ղեկավարի հայտարարությունները ենթադրելի էին։

Իրանի իշխանություններն ինչ-որ քայլեր ձեռնարկու՞մ են այդ մասով:

ԻԻՀ ԱԳ նախարար Մ. Ջ. Զարիֆը հայտարարել է, որ նմանօրինակ որևէ սադրանք, ահաբեկչություն Իրանի դեմ անպատասխան չի մնալու։

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից